ՕԵԿ-ը հավանության է արժանացրել կառավարության ծրագիրը
Այսօր “Օրինաց երկիր” կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության ընդլայնված քաղաքական խորհուրդը ՀՀ վարչապետի և Կառավարության մի շարք անդամների հետ քննարկել է Կառավարության ծրագիրը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Ծրագրի գերակայությունները, նշել, որ Ծրագրի հիմքում ընկած են Հայաստանի Հանրապետական և “Օրինաց երկիր” կուսակցությունների նախընտրական ծրագրերի հիմնադրույթները:
Քննարկման ընթացքում լայն անդրադարձ է կատարվել սոցիալական, տնտեսական, առողջապահական, կրթության և գիտության, պաշտպանության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներին, մատնանշվել են այդ ոլորտներում առկա հիմնախնդիրները և լուծման մեխանիզմները:
ՕԵԿ անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու մտահոգությունները:
Վարչապետը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:
Ելույթով հանդես է եկել “Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը և ամփոփ ներկայացրել կուսակցության մոտեցումներն առկա խնդիրների լուծման վերաբերյալ, ինչպես նաև Կառավարության ուշադրությունը հրավիրել ոչ միայն Ծրագրում ներառված, այլև Հանրապետությունում առկա այն խնդիրներին, որոնց լուծումը կարևոր նշանակություն կունենա հասարակության համար:
Արդյունավետ քննարկումների, ինչպես նաև Կառավարության կողմից ընդունված առաջարկությունների արդյունքներով պայմանավորված` “Օրինաց երկիր” կուսակցության ընդլայնված քաղաքական խորհուրդը հավանության է արժանացրել վերոնշյալ ծրագիրը:
“Օրինաց երկիր” խմբակցությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կուսակցության բոլոր առաջարկությունները կներկայացնի Աժ առաջիկա նիստում` Ծրագրի ամփոփիչ քննարկման և հաստատման ժամանակ: