Վանատուր Աստծուն
Այս անգամ հայ արիները Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոնը նշեցին մայիսի 17-ին: Վանատուրին հայոց դիցակարգում կոչում են նաեւ Օջախի Աստված, եւ Հայ Արիական Միաբանությունը, մինչ այս, մայիսյան հաղթական տոներին մեծարեց այն հայ հերոսների փառքը, ովքեր հաղթանակներ պարգեւելով՝ ապահովեցին Հայաստանի, հայության եւ հայ օջախների անդորրն ու զարգացումը:
Բնակարգի եւ հին ավանդույթի համաձայն՝ վանատուրյան օրերը հաստատվում են Հայոց Ամանորի ու Վահագն Աստծո վերածննդի (մարտի 21), ինչպեսեւ Աստվածամայր Անահիտի ու Զատիկի (ապրիլի 20) տոներից հետո, երբ բնությունն արթնանում է ձմեռային քնից եւ գարնան բերք ու բարիքի, բնական ընթացքի ժամանակ հայ արիներն իրենց օջախների հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն:
Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնածմբի քրմերն ու քրմի թեկնածուները ծիսական արարողությունը կազմակերպեցին Արարատյան դաշտում՝ Մասիսների վեհ հայացքի ներքո, եւ փառաբանեցին Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստծուն՝ հայ տներն ու ընտանիքները միշտ հյուրընկալ պահելու եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնելու համար: Տոնական ծեսը կատարեց քուրմ Արմոգը:
Հայ արիները փառաբանեցին նաեւ Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին՝ Մասիսներն ու Արագածը բաժանող արհեստական սահմանները վերացնելու եւ Հայոց Մեծ Օջախ՝ Արարչատուր Հայկական Լեռնաշխարհը վերստին հայության միացյալ տունը դարձնելու ծեսով ու ձոներգությամբ:
Տոնական արարողությունը շարունակվեց ավանդական ուտեստների եւ ըմպելիքների համտեսմամբ, երգ ու պարով եւ ծիսական գինեձոներով: