Սա Շերլոկ Հոմսի օպերացիան չէ. Շարմազանով (վիդեո)
Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ նախքան հիմնական ելույթին անցնելը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախ հիշեցրեց, թե որ հարցն է քննարկվում՝ նկատելով, որ ընդդիմադիրները կարծես թե ՏԻՄ ընտրություններն են ամփոփում: Նա նկատեց, որ այս փոփոխությունների շուրջ ընդդիմությունն ու իշխանությունն առաջին անգամ կարողացան համաձայնության գալ՝ լսելով նաև հասարակության ձայնը: «Այդ ջենթլմենական համաձայնությունը դրա վկայությունն է: Մենք գալիս ենք, ամեն ինչից խոսում ենք, բայց մոռանում ենք, որ մենք էլ ենք դրան կողմ եղել»,-նշեց նա ու շնորհակալություն հայտնեց այս փոփոխությունների տարբերակի համար օրնիբուն աշխատած մարդկանց:
Ըստ Է. Շարմազանովի՝ պետք է լավատես լինել ու չի կարելի ասել, որ Վանաձորում, Գյումրիում արդյունքները ցույց են տալիս, թե ընտրությունների որակի բարձրացման համար պայքարելն անօգուտ է: «Մենք աննախադեպ առաջընթաց ունենք թե ԸՕ-ի, թե ընտրական գործընթացների հետ կապված, սա իշխանության ու ընդդիմության քաղաքական կամքի արդյունք է: Սրանից ոչ իշխանության դափնիները պակասեցին, ոչ էլ ընդդիմություն հեղինակությունը տուժեց: Սա արվում է ի շահ ՀՀ-ի»,-շեշտեց ԱԺ փոխնախագահը:
Խոսելով ՏԻՄ ընտրություններից՝ նա ասաց, որ առաջին անգամ չէ, որ ՀՀԿ-ն մեծամասնություն չի ունենում, և ընդդիմադիրները կողմ են լինում ՀՀԿ-ի թեկնածուին, օրինակ՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին 90-ից ավելի պատգամավորներ էին ընտրել, նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի քվեարկության ժամանակ ևս միայն ՀՀԿ-ը չէր կողմ քվեարկել:
Նա ասաց, որ ՀՀԿ-ին ամեն ինչի մեղ մեղադրում են. «Ձեր մեջ նայեք»,-հորդորեց նա:
Շարմազանովի խոսքով՝ եթե կարիք չլիներ գաղտնի քվեարկության, այն գաղտնի չէր լինի.
«Սա Շերլոկ Հոմսի օպերացիան չէ, որ նստենք առավոտից իրիկուն նայենք՝ այդ ովքեր են 4 հոգին, մենք բոլորս էս դահլիճում քանի անգամ ասել ենք մի բան, արել՝ մեկ այլ բան, պարոն Վարդապետյանն ու Սուքիան Ավետիսյանն էլ դրա վկան են»,-ասաց նա: