Ծառայակիցների վրա կրակոցներ արձակելու մեջ մեղադրվող Վլադիմիրը դատապարտվել է
Արցախում դիրքերից մեկում ծառայակիցների վրա կրակոցներ արձակելու մեղադրանքով կալանավորված Վլադիմիր Դավոյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:
Ամբաստանյալն իր ցուցմունքում պատմել է, որ երբ իրենց գումարտակը մեկնել է մարտական հերթապահության, 2015 թվականի փետրվարի 15-ին դիրքի ավագ Մուշեղ Միրզոյանն ասել է, որ պետք է փորձնական «տագնապ» անցկացնել, սակայն համածառայող Մանուկ Ղազարյանը ասել է, որ չի մասնակցելու դրան, քանի որ հոգնած է: Այդ ժամանակ ինքն ասել է` «Մա՞րդ կա, որ բան ես ասում, չի անում», որից հետո Մանուկն իրեն հայհոյել է: Զինծառայողների միջեւ վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ Վոլոդյան ասել է` «Հաշվի էս խոսակցությունը քեզ ադալժենի եմ անում, կիջնենք զորամաս, կխոսենք էդ թեմայով» եւ իրեն հայհոյելու համար ցանկացել է հարվածել նրան, սակայն իր ձեռքը նրան չի դիպել:
Այնուհետեւ համածառայողները բաժանել են իրենց եւ Մանուկին դուրս հանել գետնատնակից, որից հետո Մանուկը կրկին վերադարձել է: Այդ ժամանակ խոսակցությունը ծավալվել է եւ ինքն իրեն ամրակցված «ԴԴՀ» տեսակի զենքին ամրացրել է պահեստատուփ, սակայն որեւէ քայլ չի կատարել: Այդ պահին համածառայող Վահե Մանուկյանը հետեւից մոտեցել է իրեն, բռնել զենքից եւ պահանջել բաց թողնել այն: Վոլոդյան պահանջել է, որ բաց թողնի իրեն, սակայն, համածառայակիցը չի ենթարկվել, որից հետո իրեն հրելով տարել եւ նստեցրել է մահճակալի վրա, որի ընթացքում զենքը քաշել է դեպի նրան, սակայն ինքը մեկ ձեռքով պահել է զենքը:
Այդ ընթացքում իրենց են մոտեցել նաեւ ծառայակիցներ Մադաթ Ասատրյանն ու Մուշեղ Միրզոյանը եւ փորձել Վահե Մանուկյանի հետ միասին իրենից վերցնել զենքը: Այդ ժամանակ ինքն ասել է` «Դե որ ուզում եք զենքը խլել ձեռքիցս» եւ լիցքավորելով զենքը՝ կրակոց է արձակել, որը դիպել է պատին: Դրանից հետո իրենց է մոտեցել նաեւ Արթուր Դավթյանը եւ նույնպես ցանկացել իրենից վերցնել զենքը: Այնուհետեւ արձակվել է երկրորդ կրակոցը, սակայն դա եղել պատահաբար:
Դրանից հետո ինքը բաց է թողել զենքը, որը համածառայողները վերցրել եւ դրսում լիցքաթափել են: Ինքն այդ նյարդային վիճակից սկսել է դողալ եւ ասել է. «Մամ ջան, կներես»:
Ամբաստանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: