“Թող տանեն դիմակահանդեսը իրանց տանը անեն, ոչ թե մեր գլխին”. նոր հանգամանքներ սպանված գյուղապետի շուրջ

“Իմ ընտանիքը կապ չունի Հրաչ Մուրադյանի սպանության հետ, մենք նրա ընտանիքի հետ լավ հարաբերություններ ունենք: Հենա բերել են մարդու գերեզմանին հայտարարություններ են դրել: Դիմակահանդես են անում թող իրանց տանը անեն, ոչ թե մեր գլխին”,- զայրույթն ու հուզմունքը Henaran.am-ի հետ կիսեց Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալված` Արայիկ Պետրոսյանի հայրը` Արշալույս Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել է ապրիլի 2-ին գյուղապետարանի դիմաց: Այս առավոտ տեղեկություն եղավ սպանված գյուղապետի շիրիմը պղծելու մասին: Հայտնի է միայն,որ գերեզմանի վրա գրված է եղել “Պարահանդեսն ավարտվեց“:
“Ես համոզված եմ որ ոստիկանությունը չի կարա անմեղ մարդկանց բերի ինչ որ բան կպցնի: Ոնց էլ լինի անմեղ մարդուն չեն կարա դատեն: Երկու տղուս տարել են, թող գան ինձ էլ տանեն: Անմեղ մարդուն էկան դիվանու վրից տարան, դե թող գտնեն ով ա էտ մարդու գերեզմանին հայտարարություններ դնում”,- հավելեց Արշալույս Պետրոսյանը:
Նա նշեց նաև, որ խելագարության եզրին է հասել` երկու տղաների ձերբակալումից հետո` չգիտի զբաղվի 4 թոռների խնամքո՞վ, թե՞ պայքարի տղաների անմեղությունը ապացուցելու համար:
Արայիկ Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանն էլ անդրադարձավ գործի նախաքննությանը: ”Սայլը տեղից չի շարժվում: Փաստը փաստ է, որ մարդը գտնվում է ապօրինի կալանավորման մեջ: Կալանավորվելուց հետո որևէ քննչական գործողություն չի կատարվել: Սպասում են. ինչին են սպասում` չգիտեմ”,-պարզաբանեց Գիվի Հովհաննիսյանը:
Ոստիկանության մամլո ծառայությունից հաստատեցին, որ Հրաչ Մուրադյանի շիրիմի վրա հայտնաբերվել են տարաբնույթ հայտարարություններով թղթեր:
“Այս պահին կատարվում է քննություն և լրացուցիչ տեղեկություններ չենք կարող հրապարակել”,- Henaran.am-ին հայտնեց ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել է ապրիլի 2-ին գյուղապետարանի դիմաց և այս առավոտ ֆեյսբուքի օգտատերերից մեկը ահազանգել է գերեզմանը պղծելու դեպքի մասին:Հայտնի է միայն,որ գերեզմանի վրա գրված է եղել “Պարահանդեսն ավարտվեց”: