ՀՀ ԱԺ փոխնախագահը ԵԽԽՎ-ում հանդիպել է Վացլավ Հավելի մրցանակը շահած ազգությամբ եզդի Նադիա Մուրադի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ-ի կողմից 2016թ․-ի Վացլավ Հավելի մրցանակաբաշխության ժամանակ զրույց է ունեցել մրցանակին արժանացած ԻԼԻՊ-ից փրկված ազգությամբ եզդի Նադիա Մուրադի հետ, ով այս տարվա ապրիլին Երևանում էր և մասնակցում էր ,,Ընդդեմ ցեղասպանության հանցագործության,, գլոբալ ֆորումի աշխատանքներին:
Հերմինե Նաղդալյանին խնդրեցինք կիսվել տպավորություններով հերոս աղջկա հետ իր արդեն երկրորդ հանդիպումից, ով նշեց, որ այն իսկապես հուզիչ էր: Նադիան ամենաջերմ բառերով անմիջապես հիշել է իր այցը Հայաստան , որից անսահման տպավորված էր՝ ինչպես այդ կարևորագույն համամարդկային նշանակություն ունեցող իրադարձությանն իր մասնակցության առումով, այնպես էլ այն ջերմ ընդունելությունից, որին արժանացավ Հայաստանում:
Ողջ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորելով մրցանակակրին՝ Հերմինե Նաղդալյանը փոխանցեց, որ ևս մեկ անգամ իր հիացմունքն է հայտնել երիտասարդ աղջկա հերոսական արարքի համար և հավաստիացրել, որ հայ ժողովուրդը ճակատագրով միշտ եղել և այսուհետ ևս լինելու է եզդի ժողովրդի կողքին՝ կիսելու նրա ողբերգությունը, փարատելու ցեղասպանությունից ապրած նրա վիշտը:
Ջերմ զրույցի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահը, ինչպես ապրիլյան ֆորումի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ, այնպես էլ այժմ, վերստին իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու և նպաստելու եզդի ժողովրդի խնդիրների վերհանմանը և լուծմանը՝ օրենսդրական դաշտում և միջազգային հարթակներում:
Տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության համար Վացլավ Հավելի միջազգային մրցանակը հաստատվել է 2013թ․-ին ԵԽԽՎ-ի, Վացլավ Հավելի գրադարանի և ,,Խարտիա-77,, հիմնադրամի կողմից։
Վացլավ Հավելի մրցանակը տրվում է արդեն 4-րդ անգամ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած ավանդի համար։
Վացլավ Հավելի մրցանակին այս տարի հավակնում էին 3 թեկնածու՝ Նադիա Մուրադը, սերբ լրագրող Գորդանա Իգրիչը և Rene Cassin հիմնադրամը: