Հիմա մեկնաբանե՞մ պարոն Ծառուկյանի ասածները…Բալասանյանը շնորհավորեց ՀՀԿ-ին /վիդեո/
”Գագիկ Ծառուկյանը ո՞րտեղ է նման բան հայտարարել”,-այսօր լրագրողների հետ զրույցում զարմացած հարցրեց Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այսօր արած հայտարարությանը, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ:
”Հիմա մեկնաբանե՞մ պարոն Ծառուկյանի ասածները”,-կրկին հարցրեց քաղաքապետը: Henaran.am-ի հարցին, թե ինքն ինչ է կարծում այդ մասին, նա պատասխանեց, որ երբ պատգամավոր էր, իր դիրքորոշումն էր հայտնում ցանկացած հարցի շուրջ, իսկ հիմա կուսակցությունը ներկայացրել է իր դիրքորոշումը, աշխատում է այնպես, ինչպես հայտարարել է` այլընտրանքի դաշտում ”լավին լավ, վատին վատ փիլիսոփայությամբ”: Բալասանյանն ընդգծեց, որ կարևորը ոչ թե դա է, այլ ժողովրդի կողքին կանգնելը: Հարցին, թե այդ դեպքում ինչու ժողովրդի հետ միասին չմասնակցեց Րաֆֆի Հովհաննիսյանի` Գյումրիում կայացած մի շարք հանրահավաքներին, Բալասանյանն ասաց, որ դա քաղաքական դիրքորոշման հարց է, սակայն ինքն էլի ժողովրդի կողքին է:
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, մասնավորապես ՀՀԿ-ի ու Տարոն Մարգարյանի հաղթանակին, ապա քաղաքապետն ասաց, որ այդ օրերին ինքը Չինաստանում է եղել, չի հետևել իրադարձություններին, սակայն լրահոսին հետևելով կարող է ասել, որ նորմալ ընտրություններ են կայացել: ”Շնորհավորում եմ, ինչի չէ, շատ բարձր ձայներով ժողովուրդը ընտրեց: Տարոն Մարգարյանը քաղաքապետ է, ում հետ ես նաև համագործակցում ու աշխատում եմ որպես քաղաքապետ”,-ասաց նա: