Տեր-Պետրոսյանը տեղյա՞կ է նոր ՀՀՇ-ից… գեղի կլո՞ւբ

Վերակազմավորվող ՀՀՇ-ը համագործակցելու է բոլոր ազատական գաղափարախոսության տեր կուսակցությունների հետ, այդ թվում` ՛՛Հանրապետություն՛՛, ”Ազատություն” կուսակցությունների հետ, որոնց հետ այժմ ունեն ջերմ հարաբերություններ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին նոր ՀՀՇ-ի հիմնադիրներ Կարապետ Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Արարատ Զուրաբյանը:
Հարցին, թե ով է լինելու ՀՀՇ-ի իրավահաջորդը` իրենք, թե ՀԱԿԿ-ը, Զուրաբյանը պատասխանեց. ”ՀՀՇ-ն մի տուն է, որտեղից շատերն են դուրս եկել: Շատ մարդիկ, որոնք այսօր Կոնգրեսում են, իրավահաջորդն են ՀՀՇ-ի: Մենք բոլորս հիմնադիր անդամներ ենք ՀՀՇ-ի, առաջին համագումարի մասնակիցներն ենք: Այնպես է ստացվել, որ ՀՀՇ-ի իրավահաջորդությունը պահպանելու են այս երկու քաղաքական ուժերը:
Եթե ՀԱԿ-ի մեր գործընկերները, նրանցից շատերը շարունակում են մնալ մեր ընկերները, իրենց գործունեությունը շարունակելու են եւ համարելու են, որ իրենք են միայն իրավահաջորդ, դա իրենց գործն է, բայց կարծում եմ, իրենք ճիշտ չեն լինի: Եթե 100 տարի էլ անցնի, դուք ինձ, Ալիկ Արզումանյանին ասելու եք՝ այս ՀՀՇ-ականները”:
Բացի այդ Զուրաբյանը խնդրեց ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ՀՀՇ-ի իրական իրավահաջորդը լինելու է նա, ով պահպանում է ՀՀՇ-ի գաղափարախոսությունը, ինչը չի անում ՀԱԿԿ-ը, որի մասին հենց Լևոն Զուրաբյանն է հայտարարել: Կարապետ Ռուբինյանն իր հերթին նկատեց, որ ՀԱԿԿ անդամները ոչ թե ՀՀՇ-ի իրավահաջորդներն են, այլ ՀՀՇ-ի գերեզմանափորները:
Հարցին, թե այս մասին տեղեկացրել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, Արզումանյանը պատասխանեց. ”Ոչ, որևէ մեկի, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի, ոչ նախկին նախագահ Բուշի, ոչ մեկ այլ քաղաքական գործչի կարծիքը չենք հարցրել”:
Իսկ չեն վախենում, որ ինչպես Տեր-Պետրոսյանն էր ասել այս ՀՀՇ-ն էլ վերածվի գեղի կլուբի, Արզումանյանն արձագանքեց.
”Ես մեծ փորձ չունեմ գեղի կլուբի: Հարցրեք նրանց, ովքեր ունեն մեծ փորձ: Ամեն ինչ գրված է հայտարարությունում: Մենք մեր անցյալից չենք ամաչում: Մասնավոր շրջանի տեր չենք կարող լինել, մենք հայտարարում ենք, որ մենք 25 տարվա տերն ենք, ընդունում ենք թե՛ հաջողությունները, եւ թե՛ ձախողումները: Այնպիսի հանճարեղ մարդ, ինչպիսի Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ունի իրավունք իր կարծիքն ունենալու եւ սխալվելու”:
Լրագրողների դիտարկմանը, որ հասարակությունը ՀՀՇ ասելով հասկանում է Լևոն Տեր-Պետրոսյան, ինչպես են այդ խնդիրը լուծելու, Հովհաննես Իգիթյանն ասաց. ”Լևոն Տեր-Պետրոսյանը չէ, որ ստեղծել է ՀՀՇ-ը: Նա եղել է ղեկավարների կազմում:
Այսօր կա երեք ՀԱԿ՝ ՀԱԿ դաշինք, ՀԱԿ կուսակցություն եւ ՀԱԿ խմբակցություն: Այնտեղ, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, այնտեղ էլ ՀԱԿ-ն է”:
Նշենք, որ բանախոսները հայտարարեցին, որ իրենք ձևավորում են նոր ՀՀՇ-ը: