Կալանավորվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ղ. Ա.-ն, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կաշառք տվողի ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, մեկ այլ անձից նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Կ.-ի միջնորդությամբ ստացել է կաշառք, ինչպես նաև օժանդակել է դատապարտյալի կողմից առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձին:
Մասնավորապես՝ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ղ. Ա.-ն, թմրամիջոց սպառող դատապարտյալ Գ. Ս.-ի շահերից հանդես եկող նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ա. Կ.-ի միջնորդությամբ, վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսն ու թմրամիջոցները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին փոխանցելու և դրանով իսկ Գ. Ս.-ի կողմից առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու համար 2016թ. սեպտեմբերի 23-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Ա. Կ.-ի ընկերոջ միջոցով ստացել է Գ. Ս.-ի շահերից գործող իրեն փոխանցված կաշառքը, մեկ հատ «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս, ինչպես նաև չորս հատ բջջային հեռախոսի մարտկոցի լիցքավորիչ սարքեր, որոնցից 3-ի մեջ թաքցված են եղել խոշոր չափերով «մարիխուանա» տեսակի և զգալի չափերով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ:
Հաջորդ օրը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ղ. Ա.-ն փորձել է նշված արգելված իրերը մտցնել հիշյալ քրեակատարողական հիմնարկ և փոխանցել դատապարտյալ Ա. Կ.-ին, ինչը կանխվել է նույն հիմնարկի օպերատիվ աշխատակիցների կողմից:
Առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձին օժանդակելու և կաշառք տվողի օգտին ապօրինի գործողություն կատարելու նպատակով կաշառք ստանալու համար ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ղ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու համար հիշյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Կ.-ին ևս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: