Հանձնվեցին «Ոսկե բանալիները», իսկ «Ժանգոտ կողպեք» ոչ ոք չստացավ
2016թ.-ի սեպտեմբերի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 15-րդ ամյակը և Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով արդեն 14-րդ անգամ Երևանում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ «Ոսկե բանալին», շնորհվել է հետևյալ անձանց և կազմակերպություններին։
ՀՀ առողջապահության նախարարությունը ճանաչվեց ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչին Ոսկե բանալի մրցանակը հանձնեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործող ղեկավար Դիրք Լորենցը։
«Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնության շրջանակում Հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույն իրականացման համար Ոսկե բանալի մրցանակ տրվեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: Մրցանակը շնորհեց ԱՄՆ ՄԶԳ/Հայաստան ղեկավար Դեբորա Գրիսերը :
ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքը՝http://vdzor.mtad.am/ ճանաչվեց տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք: Ոսկե բանալի մրցանակը Վայոց Ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանին հանձնեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը:
Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործող հասարակական կազմակերպություն ճանաչվեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությանը: ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանին մրցանակը հանձնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած լրատվամիջոց ճանաչվեց «Ասպարեզ» օրաթերթը:
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող ճանաչվեց Սիվիլնեթի լրագրող Արման Սուլեյմանյանը: Ոսկե բանալի մրցանակը հանձնեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն:
Հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ ԻԱԿ-ը որոշեց Մրցանակաբաշխության բացասական մրցանակ ժանգոտ կողպեքի մրցանակակիր մարմիններին չհայտարարել:
Փոխարենը ՏԱ տեսանկյուից փակ գործող մարմինները կընգրկվեն Կենտրոնի եռամսյակային և տարեվերջյան Սև ցուցակներում: