Վարուժան Ավետիսյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունը շարունակվում է
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդության քննությունը շարունակվում է այսօր՝ սեպտեմբերի 23-ին:
Նշենք, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունը սկսվել էր սպետեմբերի 22-ին, սակայն, ուշ ժամի պատճառով՝ հետաձգվել:
Վարուժան Ավետիսյանի փաստաբաններ Արա Զաքարյանն ու Մուշեղ Շուշանյանը բացարկ են ներկայացրել իրենց պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունն իրականացնող դատավորին: Ըստ նրանց՝ այն դատավորը, որը «Սասնա ծռեր» խմբի գործով որոշում էր կայացրել անդամների նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը, չի կարող շարունակել անկողմնակալ դատավարությունը:
Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Այս մեղադրանքներին ավելի ուշ միացվել է նաեւ նախորդ տարվա ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու՝ նրա դեմ առաջադրված մեղադրանքը: