«Խոշոր ձկներին ու գելերին դուրս է գցում»
«Ընդհանրապես, ցանկացած նոր նշանակակում հույսեր է առաջացնում, իսկ նորանշանակ վարչապետի մասին խոսելիս հստակ գնահատական տալ կկարողանանք միայն նրա աշխատանքը տեսնելուց հետո: Բայց որոշ բաներ ինքս ինձ համար արդեն իսկ առանձնացրել եմ. այն փոփոխությունները, որ նա կատարել է, պիտի արձանագրենք. նա կարողանում է այնպիսի խոշոր ձկների ազատել աշխատանքից, ովքեր վաղուց է, ինչ իրենց տեղերում են: Լավին լավ պիտի ասենք», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ խոսելով Կարեն Կարապետյանի գործելաոճի ու ձևավորած կաբինետի վերաբերյալ:
Սոս Գիմիշյանը շեշտեց՝ լավ է, որ Կ. Կարապետյանը ճանաչված ու հանրությանը հայտնի կադրերին ասպարեզ չի բերում:
«Ճանաչվածների մեծ մասը դրական տպավորություն չի թողել մարդկանց վրա: Իսկ Կառավարության աշխատանքը գնահատելու համար ժամանակ է պետք: Դրական եմ համարում նաև այն, որ վարչապետը կրճատումներ է անում: Մեր պետական ապարատը շատ ուռճացված է: Իսկ վարչապետը դա արձանագրել է: Բոլոր նախարարություններում աշխատողների մոտ երեսուն տոկոսին կարելի է ազատել: Այդ հաստիքները մեզ ոչ մի բան չեն տալիս: Այս երեսուն տոկոսը մարդիկ են, որ ոչ միայն աշխատավարձ են ստանում, այլև կոռուպսիոն գործունեություններ են իրականացնում:
Կառավարության աշխատանքի գնահատականն արդյունավետության գնահատականը պիտի լինի: Իսկ արդյունավետություն այն կլինի, որ կարողանան փոքր աշխատակազմով մեծ արդյուքներ գրանցել: Եթե այս վարչապետը կադրային քաղաքականության մեջ փոփոխությունների է գնում ու գելերին դուրս է գցում, կրկնում եմ՝ դրական է: Իսկ աշխատանքի ընդհանուր գնահատականը կկարողանանք տալ աշխատանքը հստակորեն տեսնելուց հետո», – եզրափակեց Սոս Գիմիշյանը: