Հրաժարական տալու խնդիր չկա. Արծվիկ Մինասյանը շնորհակալ է վարչապետին (վիդեո)
«Ինձ համար սկզբունքային է եղել, որ ղեկավարի նկատմամբ հարգանքը դառնա մոտիվացիան աշխատանքի, այլ ոչ թե ղեկավարի կողմից խիստ կամ որոշ շրջանակների համար ոչ ընդունելի կամ ոչ պաշտաճ վարքագիծը: Ես շատ շնորհակալ եմ, որ համակարգի շատ աշխատակիցներ հարգել են ու շարժվել են այդ սկզբունքով: Նախարարությունն այս ամիսների ընթացքում աշխատել է գերծանրաբեռնված»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ իր համար շատ կարևոր են ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև եղած համաձայնագիրը, Սահմանադրական բարեփոխումների փաստաթուղթը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպիսին են ՀՅԴ-ական 3 նախարարների հարաբերությունները վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, ապա Մինասյանն ասաց. «Չկա ոչրևէ լարվածություն, որևէ խնդիր, բնականոն աշխատանքային հարաբերություններ են: Ես վստահ եմ, որ ՀՅԴ ԳՄ-ն ու ՀՀԿ ղեկավար մարմինը հստակ և պարզ այդ համաձանանգիրը կյանքի կոչելու կամք ունեն, գնում ենք առաջ, չկա որևէ տարաձայնություն այդ նպատակների մասով, թվացյալ լարվածությունն առանձին հատվածների ցանկությունն է ավելի շատ, քան թե իրականում կա: Մենք բնականոն աշխատանքային գործընթացների մեջ ենք: Լրագրողները երևի հետ են վարժվել: Ավելի լավ չէ՞, որ կառավարության նիստերը լինեն ավելի բաց, հրապարակային, երկխոսության ու արդյունավետ քննարկման ձևով»:
Հարցին, թե իր՝ մի քանի տարի առաջ արված հայտարարությունը, թե Կարեն Կարապետյանը լավ մենեջեր չէ, հիմա՞ էլ է ուժի մեջ, Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Չկա որևէ լարվածություն, չի եղել որևէ կոնֆլիկտ, անկեղծորեն եմ ասում: Ես իսկապես շնորհակալ եմ, որ վարաչպետն ունի հստակ տեսակետ՝ բիզնես հատվածի բեռն ավելի թեթևացնելու, բյուրոկրատիան ու չինովնիկությունը նվազեցնելու:
Հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ պարոն Կարապետյանը քաղաքապետ էր, և արվել է այն ժամանակ»: Հրաժարականի վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ նա ասաց, որ շարունակում է կատարել իր պարտականությունները, իսկ հրաժարական տալու խնդիր չկա: «Այս պահին ես պաշտոնակատար եմ, շարունակելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ չի եղել նոր հրամանագիր»:
Նա նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե վերջին 15 օրվա ընթացքում աշխատանքի են ընդունվել 15 աշխատակից՝ իր հանձնարարականով: