Ծաղկահովիտում տոնում են Միայնակ Գայլի հաղթանակը
«Երեկ՝ սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ես հանձնաժողովի անդամ էի: Ընտրությունները նորմալ էին անցնում մինչ այն պահը, երբ Արայիկի կինը հագավ ամուսնու նկարով վերնաշապիկ: Նախկին մարզպետի օգնականը՝ Կարեն Տոնոյանը «հարձակում» գործեց բոլորի վրա, պահանջելով, որ Արայիկի կնոջը դուրս հրավիրեն: Արայիկի կինը չհանեց իր հագած վերնաշապիկը և ոչ էլ դուրս եկավ տեղամասից: Արայիկի նկարով բոլորն են հպարտանում ու նրա կինը իրավունք ունի հագնելու Արայիկի նկարով վերնաշապիկ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) եղբոր՝ Արարատ Խանդոյանի կինը՝ Սոնա Թամարյանը:
Սոնա Թամարյանը նշում է, որ Արայիկ Խանդոյանը Ծաղկահովիտ համայնքի ընտրություններոմ չի պարտվել.«Արայիկը տարել է 270 արդար ձայն: Կալանավորված մարդու համար այդքան ձայնը հաղթանակ է: Արայիկը տարել է Երվանդի ձայները ու ոչ թե Նորիկի, թե չէ Ծաղկահովիտ համայնքում կհաղթեր Երվանդը: Մենք արդեն գիտեինք, որ Նորիկը կհաղթի: Իրենք իրենց գործելաոճը չեն փոխում, ընտրակաշառքի հետ միասին գունավոր գրիչներ են բաժանում: Թերթիկներում ինչ գույնի գրիչով նշում ասես տեսանք: 78 գունավոր նշում առանձնացրինք: Բոլորն էլ նկարել եմ: Եթե հանենք այդ 78 ձայները կնշանակի , որ 40 ձայնով Արայիկը հաղթել է: Արայիկը հաղթել է ու մենք այսօր տոնելու ենք Արայիկի հաղթանակը: Խանդոյանները պարտվող չեն»,-ընդգծեց Սոնա Թամարյանը:
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ), որն այժմ գտնվում է երկամսյա կալանքի տակ, ներկայացրել էր համապատասխան փաստաթղթերը՝ առաջադրվելով Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի համայնքապետի ընտրություններում։
Համայնքի ղեկավարի պաշտոնի համար Ծաղկահովիտում առաջադրվել էին գործող համայնաքպետ, ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը, որին առաջադրել է հենց ՀՀԿ-ն, անկուսակցական Նորաին Հակոբյանը և Արայիկ Խանդոյանը: