Մեկնարկել է «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը
ՀՀ սփյուռքի նախարարության եւ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ այսօր «Վերնիսաժ»-ի տարածքում մեկնարկել է ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որին ներկայացված էին 50-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, ոսկերչական իրեր, քաղցրավենիք:
Ցուցահանդես-տոնավաճառ այցելեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Ընտրված 50 տաղավարները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյակները: Մեր հայրենակիցները արդեն 5 տարի է՝ մասնակցում են անկախ Հայաստանի կայացմանը եւ իրենց գործերով, նորարարությամբ, ստեղծագործական մոտեցումներով, գործնական մասնակցությամբ նպաստում են լրացնելու ու զարգացնելու տնտեսության որոոշակի ուղղություններ: Նախորդ տարիների համեմատ աճել է մասնակիցների թիվը, ավելացել է ներկայացված ապրանքների տեսականին: Կարծում եմ, որ նման ցուցահանդեսները օգնում են, որպեսզի սիրիահայերն առավել ակտիվորեն ինտերգրվեն հայ հասարակությանը: Ցանկանում եմ ողջունել եւ շնորհավորել մեր հայրենակիցներին այսպիսի գեղեցիկ առիթներ մեզ նվիրելու համար եւ մաղթել, որ յուրաքանչյուրը կարողանա հաստատվել եւ աշխատատեղ ունենալ Հայրենիքում»:
Ցուցահանդես-տոնավաճառը գործելու է նաեւ սեմտեմբերի 20-ին ժամը 10:00-19:00ը: