Սահմանված նորմերին համապատասխան թեքահարթակների առկայությունը` առաջնային պահանջ քաղաքաշինական ծրագրերում
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ 2 շաբաթվա ընթացքում արձանագրվել է իրավախախտման 14 դեպք: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` ուսումնասիրվել են վերջին երեք տարիների ընթացքում տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերով թեքահարթակների առկայության պարտադիր պահանջի կատարումն ու ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ տեղ գտած թերությունները կարճ ժամանակահատվածում վերացնելու ուղղությամբ: Հանձնարարվել է խստորեն վերահսկել քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված նորմերին համապատասխան թեքահարթակների կառուցման պարտադիր պահանջի կատարումն ու ավարտական ակտերը տրամադրել միայն դրանց առկայության պարագայում:
Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են մայրաքաղաքի փողոցների ասֆալտապատման և ճաքալցման աշխատանքները: Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ասֆալտապատման աշխատանքներն ավարտին հասցնել սահմանված ժամկետներում՝ հետևողական լինելով որակի պահպանման հարցում:
Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում շարունակվում են մայթերի վնասված սալիկների փոխարինման տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքները: Ոչ բավարար գնահատելով աշխատանքների ընթացքը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է այս հարցում լինել առավել հետևողական:
«Կատարված աշխատանքների արդյունքը դեռևս հեռու է բավարար լինելուց: Ընդ որում, թերություններ կան ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փողոցներում: Եթե վարչական շրջանների ղեկավարներն ու ոլորտի պատասխանատուներն անձամբ լինեն տեղերում և հետևեն աշխատանքների ընթացքին, ապա հաստատ կունենանք պատշաճ արդյունք: Եվ, ընդհանրապես, կհորդորեմ ավելի հաճախ քայլեք ձեր վարչական շրջանների փողոցներով ու, վստահ եմ, որ այդ դեպքում ինքներդ կնկատեք բոլոր այն թերությունները, որոնք անհապաղ շտկման կարիք ունեն: Քաղաքի հանդեպ սրտացավ վերաբերմունքը նախ և առաջ հենց այդ կերպ պետք է դրսևորվի», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ 2 շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 6 դեպքի մասով: Աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի բացառման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ էլ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ վերջին երկու շաբաթներին կազմվել է 90 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունն ու արագ արձագանքել քաղաքացիներից ստացվող դիմումներին և «Թեժ գծով» ստացվող ահազանգերին: