Բացառիկ ցուցադրություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում սեպտեմբերի 20-ին բացվելու է «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ցուցահանդեսը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
Նա նշել է, որ ցուցադրության մեջ ներառված են հազվագյուտ պատմական դրոշներ ու զինանշանային հորինվածքներ, որոնք պատրաստվել են 18-20-րդ դարերի հայ ազատագրական պայքարի տարիներին: Կան բացառիկ նմուշներ, որոնք Մեծ Եղեռնից հետո հայ որբերի պատրաստած դրոշներն ու զինանշաններն են:
«Մենք այս ցուցադրությանը պատրաստվում էինք երկար տարիներ։ Իսկապես բացառիկ է, այցելուները տեսնելու են պատկերագրության եզակի նմուշներ: Ցուցանմուշների մեծ մասը բնօրինակներ են: Ունենք ցուցանմուշներ աշխարհի տարբեր վայրերից` Լոս Անջելեսից, Բոստոնից, Վիեննայից, Դանիայից, ինչպես նաև հայաստանյան թանգարաններից ու տարբեր հաստատություններից: Առաջին անգամ ենք տեսնելու եզակի դրոշակներ, պաստառներ, որոնց գոյության մասին շատերս պատկերացում չունեինք»,-ասել է նա։
Ցուցանմուշների մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ: Հայկական զինանշանների ու դրոշների հազվագյուտ նմուշների թվում են գորգեր, փորագրանկարներ, պաստառներ, արծաթե իրեր, նամականիշեր, բացիկներ, գրքեր ու ալբոմներ, ինչպես նաև «Մայր Հայաստան»-ի կերպարով տարբեր հորինվածքներ:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 1-ը: