Կենացները քաղցրանում են
«ԲՀԿ-ի հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է, և եթե նա ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից, դա չի նշանակում, որ այն ռեսուրսները, որ դրվել են մեր քաղաքական ուժի կայացման մեջ, որևէ մեկը խլել է: Դա ԲՀԿ-ինն է: Որևէ մեկը ժողովրդի վերաբերմունքը մեր նկատմամբ չի տանում, մեր անդամներն իրենց տեղում են, մեր պատագամավորների մեծամասնությունն իր տեղն է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը չի սպառնում ԲՀԿ-ի ճակատագրին: «Որտե՞ղ եք տեսել, որ մենք Հովիկ Աբրահամյանի հետ… տենց մի հատ օրինակ կարո՞ղ եք ասել ինչ է կատարվել, որ Հովիկ Աբրահամյանը գնաց, ԲՀԿ-ի հետ ինչ-որ բան պետք է կատարվի, ամեն ինչ նորմալ է: Որ ասում եք, թե ինչ է լինելու ԲՀԿ-ի վիճակը, ի՞նչից պիտի մտավախություն ունենանք»,-հավելեց նա:
Հարցին՝ Գագիկ Ծառուկյանը ժամանակավո՞ր է հեռացել քաղաքականությունից, ինչպես իր խոսքում նկատեց ԲՀԿ պատգամավորը, նա արձագանքեց. «Ինքը որոշում է կայացրել հեռանալ քաղաքականությունից, ինքը կորոշի, թե ինչ կանի, իր որոշելիքն է, ոնց որ կորոշի, այդպես էլ կանի»: Ըստ նրա՝ հարցը, թե երբ կվերադառնա ԲՀԿ նախկին նախագահը, պետք է ուղղել հենց նրան: «Մարզերի մեծ մասում մարդիկ նույնիսկ չգիտեն, որ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել, ու ԲՀԿ-ը կապվում է Գագիկ Ծառուկյանի հետ»: Դիտարկմանը, թե ԲՀԿ հիմնադիր է համարվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Մելքումյանն արձագանքեց այսպես. «Ես տեղեկություններ չունեմ, որ ԲՀԿ-ի հիմնադիրը Ռոբերտ Քոչարյանն է»: