Ի՞նչ է կատարվում դեղերի շուկայում
“Չի կարելի միանշանակ պնդել, թե դեղերը մեծ չափով թանկացել են կամ ՀՀ դեղերի շուկայում առկա դեղերի մեծ մասն է թանկացել: Կան եւ թանկացումներ, եւ էժանացումներ”,- անդրադառնալով դեղերի շուկայում վերջին շաբաթներին նկատվող թանկացումներին, Henaran.am-ի հետ զրույցում ասել է Դեղարտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
Նրա խոսքով, այդպես էլ հստակ չէ, թե ինչ ուսումնասիրությունների հիման վրա է մամուլը նշում, որ դեղերի 80 տոկոսը թանկացել է եւ ընդհանրապես, որքանով է դա համապատասխանում իրականությանը. “Մեր միությունը իր հնարավորությունների սահմաններում մշտական մոնիտորինգ է իրականացնում: Մենք չենք արձանագրել, որ դեղերի մեծ մասը թանկացել են: Մենք պնդում ենք, որ որոշ տեսակի դեղեր թանկացել են, որոշները` էժանացել”:
Նրա խոսքով` դեղերի գների տատանումները պայմանավորված են մի շարք օբյեկտիվ հանգամանքներվ` դոլար-դրամ փոխարժեքով, տրանսպորտային ծառայութունների գների փոփոխությամբ, ներմուծվող դեղերի խմբաքանակի մեծությամբ կամ սեզոնայնությամբ, ինչպես նաեւ այսպես ասած, զուգահեռ դիստրիբյուցիայով:
“Երբ մի դեղը, նախկինում ներմուծվում էր մեկ դիստրիբյուտորի կողմից եւ նա էր հսկում գնային քաղաքականությունը, հիմա նույն դեղից կարող են ներկրել տարբեր կազմակերպություններ տարբեր երկրներից եւ ինչ-որ ժամանակահատվածում կարող են գները գցել: Խմբաքանակը վերջանալուց հետո կարող է ստեղծվել արհեստական դեֆիցիտ, որի պայմաններում հնարավոր է նաեւ արհեստական թանկացում”,-նշեց Սամվել Զաքարյանը:
ԱՎԾ տվյալներով, նախորդ ամսվա համեմատ, սեպտեմբեր ամսին դեղորայքի գինն աճել է 1 տոկոսով: Այս մասվա ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են եւ կհրապարակվեն հոկտեմբերի վերջին աշխատանքային օրը:
Նշենք սակայն, որ ԱՎԾ-ն ներկայացնում է սպառողական գների ինդեքսը միայն ամենալայն սպառման 12 անուն դեղերի եւ տեխնիկական միջոցների համար / դեղահաբ “Ամպիցիլին”, դեղահաբ “Վիտամին C”, սիրտ-անոթային հեղուկ դեղամիջոց “Կորվալոլ”, դեղահաբ “Անալգին”, լուծվող հաբեր”Քոլդրեքս”, հակաալերգիկ դեղամիջոց, յոդ բմբակ, վիրակապ , օպտիկական ակնոց, ոսպնյակ, ներարկիչ/, մինչդեռ սպառողները բախվում են ավելի թանկարժեք դեղերի թանկացումներին:
Հավելենք, որ դեղերի շրջանառության ոլորտում առաջացած խնդիրները հարուցել են նաեւ ԱՆ մտահոգությունը: Ոլորտի խնդիրներին լուծում տալու, արտադրողից մինչև սպառող շղթայում բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ և մատչելի դեղերով ապահովելու, ինչպես նաև տեղական դեղերի արտադրության նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով նախարարությունը մշակել եւ շրջանառության մեջ է դրել “Դեղերի մասին” նոր օրենքի նախագիծը, որը առողջապահության նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանի փոխանցմամբ, այսօր քննարկվել է նախարարին կից կոլեգիայի նիստում: