Տենց նպատակահարմար գտա. ԲՀԿ-ական պատգամավորը հայտնվել էր խորհրդարանում
Ազգային ժողովում փակ-գաղտնի ընթացակարգով ընթանում է ՀՀ գլխավոր դատախազի և ՀՌԱՀ նոր անդամի ընտրությունը: Քվեարկության համար խորհրդարան էր եկել նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Նկատենք՝ նստաշրջանը մեկնարկելուն պես վերջինս խորհրդարան չէր եկել:
Հարցին՝ ծանո՞թ է դատախազի թեկնածուի ելույթին, Մանուկյանը պատասխանեց, թե նայել է ԶԼՄ-ներով: Ինչ վերաբերում է խորհրդարան չգալուն, ապա պատգամավորը պարզապես ասաց. «Տենց նպատակահարմար գտա, էլ ոչ մի հարցին չեմ պատասխանի, հոկտեմբերի 15-ից հետո կասեմ»:
Լրագրողների հիշեցմանը, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել է, որ ԲՀԿ-ի գաղափարները չկրող պատգամավորները պետք է զրկվեն մանդատից, Աբրահամ Մանուկյանը թերահավատորեն մոտեցավ. «Ես չգիտեմ՝ ինչ է ասել, բայց իմ կարծիքով՝ նման բան ասած չի լինի»:
Հարցին՝ ԲՀԿ-ում խնդիրներ կա՞ն իր հետ կապված, Աբրահամ Մանուկյանը պատասխանեց, որ երբեք չի ունեցել: Ճշտող հարցին՝ կմնա՞ ԲՀԿ-ում, վեերջինս պատասխանեց. «Այ դա իմ որոշելու խնդիրն է, դա արդեն հոկտեմբերի 15-ից հետո»: Իսկ թե ինչո՞ւ հենց այդ օրը, նա ասաց. «Ըտենց եմ իմ համար որոշել եղբայր»:
Ինչ վերաբերում է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին, ապա պատգամավորը դրական կարծիք ունի. «Գտնում եմ, որ շատ լավ մենեջեր է, վերջ էլ ոչ մի հարց»,-ասաց նա, ապա հեռացավ: