Ինչ են խոստացել. Հայկական Ժամանակ
Մեր ներկայիս իշխանական բուրգի ամենաազդեցիկ դեմքերից մեկը` ՀՀ այլևս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատկերավոր ասած, ոչ այնքան կոմֆորտային վիճակում է հայտնվել: Մեր տեղեկություններով նա նախօրեին մեկնել է Դուբայ: Պատճառը միայն այն չէ, որ ուզում էր հանգստանալ պաշտոնանկությունից հետո: Խնդիրն այն է, որ նույնիսկ մտերիմ թիմակիցների շրջանում իր նկատմամբ վերաբերմունքի որոշակի փոփոխություն է նկատվում:
Առաջիկա օրերին տեղի է ունենալու ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Գազիկ Բեզլարյանի որդու հարսանիքը, որին ներկա են գտնվելու գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաև նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը և առայժմ գործող կառավարության անդամները: Եթե Աբրահամյանը լիներ Հայաստանում, ապա նույնպես պետք է մասնակցեր այդ միջոցառմանը, ինչը ակնհայտ դիսկոմֆորտ էր լինելու նրա համար: Իսկ իր թիմակիցների վերաբերմունքի փոփոխության հիմնական պատճառն այն է, որ հրաժարականից հետո իշխանական բուրգում նրա հետագա «տեղն ու ազդեցությունը» խիստ անորոշ է:
Ի հեճուկս շրջանաովող լուրերի, Սերժ Սարգսյանը նրան գոնե առայժմ կոնկրետ որևէ խոստում չի տվել: Այդ թվում նաև առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ նախընտրական շտաբը գլխավորելու առաջարկը: Մի խոսքով, այս պահին խիստ անորոշ է, թե հետագայում ինչ ազդեցություն է ունենալու Հովիկ Աբրահամյանը: Իհարկե, նա ունի հսկայական ունեցվածք եւ համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, սակայն առանց «քաղաքական» ազդեցության, առանց իշխանական բուրգում ունեցած համապատասխան դիրքի այդ ունեցվածքը ոչ միայն քիչ է, այլև երաշխավորված չէ:
Ներկայիս իշխանական բուրգում գործող «բարոյական նորմերի» ազդեցության կտրուկ նվազումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: Ահա սա է, որ Հովիկ Աբրահամյանի համար ստեղծում է անհարմարավետ մթնոլորտ:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: