Բաց, ազնիվ ասում եմ՝ մեր տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր. Կարեն Կարապետյան
«Հետաքրքրությունը մեծ է նորանշանակ վարչապետի նկատմամբ, և որևիցե մեկս ծանոթ չենք նրա ծրագրերին, կցանկանայինք կորզել մի փոքր հարցեր, եթե դա հնարավոր է»,-այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա նաև հարցրեց, թե որոնք են լինելու վարչապետի առաջնային քայլերը, շարունակելու է նախկին վարչապետի ծրագրային դրույթներն իրականցնել, ինչպես օրինակ պայքար կոռուպցիայի դեմ, մենաշնորհներ և այլն: Պատգամավորը նաև հետաքրքրվեց նորանշանակ վարչապետից, թե որն է լինելու նրա կադրային քաղաքականությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ հայտարարել է՝ երկու փուլային ծրագիր է իրականացվելու: «Առաջինի փուլում չեն լինելու արագ փոփոխություններ, և լինելու են այն քայլերը, որոնք մենք կարող ենք մոտ ապագայում անել, իսկ երկրորդ փուլի համար ժամանակ է պետք, որ որոշենք, թե որ ուղղությամբ ենք տանելու երկիրը: Սպասելիքներ, որ մենք շատ արագ մեր տնտեսությունը կփոխենք, այս պահին ուզում եմ հայտարարել, որ նման սպասելիքներ չեն լինելու, բայց սիգնալներ ենք տալու, թե տնտեսությունը որ ուղղությամբ է գնալու»: Կարեն Կարապետյանը նշեց, որ նախկինի ծրագրերին, իհարկե, անդրադառնալու են և տնտեսությունն այն ուղղությամբ են զարգացնելու, որպեզի ստեղծեն մաքսիմալ պայմաններ՝ հավելյալ արժեք ստեղծելու համար:
«Ընդհանուր բանաձև է, բայց բոլոր ռեյտինգներով երջանիկ, լավ ապրող երկրները նրանք են, որտեղ գործարար մարդը, հավելյալ ռեսուրս ունեցողը լավ է իրեն զգում, կարողանում է հավելյալ արժեք ստեղծել, նավթ, գազ ունեցող երկները դրա մեջ չեն»,-ասաց նա: Վարչապետը շեշտեց, որ որպես կարդրեր կընտրվեն մաքսիմալ պրոֆեսիոնալներն, իսկ կուսակցական լինելը դեր կունենա, եթե պրոֆեսիոնալ են: Նա հայատարարեց՝ պետք է հասկանալ, որ կախարդական փայտիկ չկա: «Արագ փոփոխություններ, որ ասում եմ՝ չի լինի, դա չի նշանակում, որ քայլեր չենք ձեռնարկելու, մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու՝ և սոցիալական լարվածությունը թուլացնելու համար, և բիզնեսի զարգացման առումով, բայց պետք է հասկանանաք, որ կախարդական փայտիկ չկա: Եթե տնտեսության մեջ փոփոխություն ենք ուզում, պետք է համարգային փոփոխություններ: Ռեալ մեր տնտեսության վիճակը, բաց, ազնիվ ասում եմ՝ շատ ծանր է, չափազանց ծանր»,-եզրափակեց նա: