“”Ժառանգության” պռավալը”. ԲՀԿ-ն հերքում է ընտրակաշառք բաժանելու մեղադրանքը

”Եթե ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունը կամ կուսակացության ցուցակի որևէ ներկայացուցիչ հայտարարություններ է անում առանց փաստերի` օդի մեջ խոսելով, ամեն մարդ կարող է օդի մեջ հայտարարություններ անել:
Ցավում եմ, որ նա անլուրջ մարդ դուրս եկավ, որ հայտարարում է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում”,-այսօր ասուլիսում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը` ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ”Ժառագությունը” մեղադրում է, որ ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում և պաստառները սխալ չափերով ու սխալ վայրերում է փակցնում:
”Րաֆֆի Հովհաննիսյանը և իր կուսակցությունը չկարողացավ արդարացնել իրեն այս ընտրություններում, ու ցեխ են շպրտում ԲՀԿ-ի վրա: Դա անհարիր մոտեցում է: Եթե փաստեր ունենային, թող ասեին, մենք էլ գնահատականներ տայինք: Իրենց նախընտրական “պռավալը”, որ ունեն և հստակ երևում է, ուզում են բարդել ուրիշների վրա”,-նշեց Բաբայանը:
Նա շեշտեց, որ ԲՀԿ-ը բարձր վարկանիշ ունեցող կուսակցություն է և հաղթելու մեծ հնարավորություններ ունի, այդ պատճառով էլ ”Ժառանգությունն” իրենց վարկաբեկում է: ””Սրանք Ժառանգության՛՛ վերջին փրփուրներն էին”,-ասաց: