«Ինձ համար գործելու է խաղի մեկ կանոն». Գլխավոր դատախազի թեկնածու
«Ես համարում եմ, որ Հարսնաքարի գործող իրապես ապահովվել է քրեական գործի նախաքննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը: Նյութերը հրապարակվել են, մենք այդ գործով ապահովել ենք հանրության պահանջը, գործով օբյեկտիվ որոշումների կայացումը: Իսկ Ձեր հարցի մասով, ճիշտ հասցեատերը ես չեմ, այդ հարցերը պետք է ուղղեիք անձանց, ովքեր բարձրացրել են»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը:
Հարցին, թե կարող է հրապարակային խոստանալ, որ պաշտոնը ստանձնելուց հետո Հայաստանում անպատժելի մարդիկ դատապարտվելու են օրենքի ողջ խստությամբ, երբ լինի դրա կարիքը, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Նման գնահատմամբ մարդկանց ես Հայաստանում չեմ ճանաչում: Նման մարդիկ չկան և չեն լինի, դուք կտեսնեք»:
Իսկ այն դիտարկմանը, թե Հայաստանում արդարադատության այլ կանոններ են գործում, արդյո՞ք գլխավոր դատախազի թեկնածուն ենթարկվելու է դրանց, վերջինս այսպես արձագանքեց. «Ինձ համար գործելու է խաղի մեկ կանոն՝ դա ՀՀ օրենքն է»: