Ատամը ցավում էր, դրա՞ համար հեռացավ. Ն. Փաշինյանը՝ Գ. Կոստանյանից
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում Գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի վերաբերյալ ելույթը սկսեց նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականից.
«Կոստանյանը հրաժարական տվեց օգոստոսին, պաշտոնական պատճառաբանությունն առողջական խնդիրներն էին, և հանրությունը սկսեց որոշակի կասկածներով վերաբերվել այդ պատճառաբանությանը, ինչը հասկանալի է, որովհետեւ գլխավոր դատախազի նման առանցքային պաշտոնյայի հեռացումը բացատարել մի տողով, որ նա առողջական խնդիրներ ունի, առնվազն անհասկանալի է: Պատշաճությունը ենթադրում է, որ նման դեպքերում, երբ ասում ես առողջական խնդիր, պետք է բացատրես՝ ինչ առողջական խնդիր ունի, որովհետեւ ատամի ցավն էլ է առողջական խնդիր, ատամը ցավում էր, դրա՞ համար հեռացավ, պետք է պարզաբանվի, թե ինչ առողջական խնդիր է, որովհետև հանրությունը պետք է իմանա՝ իր պաշտոնավարման շրջանում այդ պաշտոնյայի առողջական խնդիրը կարո՞ղ էր ազդել նրա ադեկվատության վրա, որովհետեւ տասնյակ հազարավոր մարդկանց հետ առնչություն է ունեցել նրա գործունեությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ապա նա անդրադարձավ գլխավոր դատախազի թեկնածությանը.
«Գլխավոր դատախազի ընտրության հետ կապված վերջին տարիներին առեղծված ունենք, գլխավոր դատախազությունում շատ արագընթաց կարիերա են անում էն մարդիկ, ովքեր առնչություն են ունենում աղմկոտ ու հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող գործերին»:
Պատգամավորն անդրադարձավ նաև հնչած Վալերի Պերմյակովի՝ պատիժը կրելու վերաբերյալ պագամավորներից մեկի կողմից գլխավոր դատախազին ուղղված հարցին.
«Ե՛վ նախորդ գլխավոր դատախազը, և՛ Դավթյանն ասում է՝ գիտեք պատիժը կրելու հարցով դատախազությունը չի զբաղվում, էդ Արդարադատության նախարարությունն է, պիտի իրենց հարցնեք, ես չեմ հասկանում Դատախազությունում Դատախազության մասին օրենքը չե՞ն կարդացել, որտեղ 4-րդ հոդվածի 6-րդ կետում որպես դատախազության ուղղակի լիազորություն ասվում է, որ դատախազությւնը հսկողություն է իրականացնում պատիժների ու հարկադրանքների այլ միջոցների կիրառման օրինակության վրա: Նենց որ Դատախազությունը Պերմյակովի գործով թող չփորձի պատասխանատվությունն իր վրայից գցել»,-ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Դատախազությունն այդպես էլ չկարողացավ Պերմյակովին ՀՀ դրոշի ու զինանշանի ներքո դատել:
«ՀՀ դրոշն ու զինանշանը որպես բագաժ լցնում էին գազելի կուզովը տանում Պերմյակովի մոտ, հետո գազելի կուզովը լցրած հետ բերում ու էսքանից հետ Արթուր Դավթյանը Դատախազությունը վաստակում է իր աշխատավարձը»,-ասաց ՀԱԿ պատգամավորը:
Նրա ելույթից հետո արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը.
«Այս տարիների ընթացքում էնքան ենք դիմագրավել նման տիպի երեւույթներին, պարզապես խնդիրը հետեւյալն է՝ ներկայացնում են այնպիսի նյութ, որը արդեն լրիվ բացահայտում է ու ներկայացնում ժողովրդին: Ես խնդրում եմ՝ ընդդիմությունը թող քննադատի, բայց վարկաբեկված հարցերը, որոնք մտացածին են, կարծում եմ էստեղ պետք չէ»,-ասաց նա: