23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում, Ավստրիայում եւ Վաշինգտոնում

Ապրիլի 27-ին եւ 28-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը Փարիզի մերձակա Մեդոն, Իսի-լե-Մուլինո եւ Կլամար քաղաքներում մասնակցեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Ապրիլի 27-ին Մեդոն քաղաքում կազմակերպված միջոցառմանը ներկա գտնվեցին Իլ դը Ֆրանս շրջանի պատգամավորներ, սենատորներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Մեդոնի բազմաթիվ բնակիչներ: Ներկաների կողմից Մեդոնի հայկական հուշակոթողի առջեւ զետեղվեցին ծաղկեպսակներ, հնչեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի օրհներգերը: Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրվե Մարսելն իր ելույթում նշեց, որ անհամբեր սպասում է Ֆրանսիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ներառմանը ԱԺ օրակարգում եւ վերահաստատեց իր հանձնառությունն ուղղված Ֆրանսիայի ծագումով հայ քաղաքացիների հիշողության պաշտպանությանը: Այնուհետեւ շնորհակալական եզրափակիչ խոսքով հանդես եկավ դեսպան Չիտեչյանը:

Ապրիլի 28-ին Իսի-լե-Մուլինոյի հայկական եկեղեցում մատուցվեց պատարագ, որի ավարտին քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն ու հարյուրավոր ֆրանսահայեր Ֆրանսիայում ՀՀ դեսպանի, քաղաքապետ Անդրե Սանտինիի, շրջանը ներկայացնող սենատորների եւ պատգամավորների գլխավորությամբ եւ ֆրանսահայ նախկին ռազմիկների միության դրոշակակիրների ուղեկցությամբ քայլերթ կատարեցին Իսի-լե-Մուլինո քաղաքի կենտրոնական փողոցներով դեպի քաղաքի հայկական հուշակոթող, որի մատույցներում տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողությունը:

Արարողության ընթացքում հայ եկեղեցիների հոգեւոր այրերը աղոթք հնչեցրեցին, իսկ այնուհետ ելույթներ ունեցան ՀՀ դեսպանը, Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետը եւ ֆրանսահայ երիտասարդական կառույցների ներկայացուցիչները: Երիտասարդներն իրենց խոսքում վստահեցրին, որ նոր սերունդը ավելի քան վճռական է տրամադրված Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում: Անդրե Սանտինին, ընդգծելով Հայոց Ցեղասպանության ժխտման քրեականացման կարեւորությունը, նշեց, որ անընդունելի է, որ Ֆրանսիայում լինի քաղաքացիների մի խումբ, ում հիշողությունը վիրավորելը կարող է անպատիժ մնալ:

Նույն օրը հիշատակի միջոցառում անցկացվեց Կլամար քաղաքի հայկական խաչքարի մոտ: Ծաղկեպսակների զետեղման արարողությանը հաջորդեցին ՀՀ դեսպանի եւ Կլամարի քաղաքապետ, սենատոր Ֆիլիպ Կալտենբախի ելույթները: Ֆրանսիայի Սենատի անդամը, որը նաեւ Սենատում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է, համոզմունք հայտնեց, որ, Ֆրանսիայի Նախագահի խոստման համաձայն, Հայոց Ցեղասպանության ժխտողականության դեմ օրենսդրական պայքարը հաջողությամբ պետք է պսակվի մոտ ապագայում:

 

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումերի շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հովանու ներքո, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հրավերով, ապրիլի 27-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ հայ ազգային եւ հոգեւոր երգերի անվանի կատարող սոպրանո Աննա Մայիլյանի եւ Էթնո-վոկալ եռյակի համերգը:

Համերգի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին հայ դասական, հոգեւոր եւ ժամանակակից երգարվեստի նմուշներ, ինչպես նաեւ նորահայտ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նույն օրը երեկոյան, ի պատիվ Աննա Մայիլյանի եւ Էթնո-վոկալ եռյակի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն: Հյուրերին ուղղված իր խոսքում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն ընդգծեց մշակութային դիվանագիտության նշանակությունը՝ կարեւորելով հայ արվեստի գործիչների եւ հայկական կառույցների դերակատարությունն ինչպես հայկական համայնքներում, այնպես էլ օտար լսարաններում հայկական մշակույթի եւ հայ արվեստի ներկայացման գործում:

Ապրիլի 27-28-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները շարունակվեցին նաեւ Պլեսի-Ռոբինսոն, Առնուվիլ, Անտոնի, Շավիլ, Սեվրան, Շաս-սյուր-Ռոն, Մեյզիո, Վիեն, Արլ, Ավինյոն, Իլ սյուր լա Սորգ,  Լե Պեն Միրաբո, Վիտրոլ, Լիոն, Կաբրի-Կալա, Մոնպելիե եւ Դեսին քաղաքներում:

 

Ապրիլի 26-28-ը Վիեննայում եւ Գրացում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ:

Ապրիլի 26-ին Վիեննայի Մխիթարյան Միաբանության Մխիթար սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Մխիթարյան միաբանությունից Հայր Պողոս Կոճանյանը եւ Հարություն Տանիլը: Հայոց ցեղասպանությանը վերաբերող ներկաների հարցերին պատասխանեց Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը:

Ապրիլի 27-ին Վիեննայում տեղակայված ուղղափառ ասորական համայնքի Մշակութային միության դահլիճում առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությունում քրիստոնյա հպատակների՝ հայերի, հույների եւ ասորիների կոտորածների մասին ելույթով հանդես եկավ Բեռլինի Ազատ համալսարանի Ցեղասպանությունների ճանաչման եւ դատապարտման աշխատանքային խմբի ղեկավար դոկտոր Թեսսա Հոֆմանը: Վերջինս ներկայացրեց քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության հանգամանքները, անդրադարձավ Գերմանիայի Բունդեսթագի կողմից 2005 թ. հունիսի 16-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւին, որի շրջանակներում անդրադարձ կա նաեւ ասորիների եւ Պոնտոսի հույների կոտորածներին: Հոֆմանը ներկայացրեց նաեւ Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Բեռլինում նախագծվող Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ գնացած հայերին, հույներին եւ ասորա-արամեացի-քաղդեացիներին նվիրված հուշահամալիրի կառուցման ծրագիրը, որի համար արդեն իսկ որոշակի գումար է հատկացվել Բեռլինի քաղաքային եւ Բրանդենբուրգի երկրամասային իշխանությունների կողմից: Միջոցառմանը ներկա էր ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը:

Ապրիլի 27-ի երեկոյան Ավստրիայի հանրային ORF 3 հեռուստաալիքը ցուցադրեց գերմանացի վավերագրող Էրիխ Ֆրիդլերի 2010 թվականին նկարահանած Հայոց ցեղասպանությանը նվիրված ԱՂԵՏ-ցեղասպանություն փաստավավերագրական ֆիլմը:

Ապրիլի 28-ին Գրաց քաղաքի հայ եկեղեցական համայնքը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հոգեհանգստյան պաշտոն մատուցեց Գրացի Կալվարիենբերգ եկեղեցում, որին հաջորդեց մոմերով երթը դեպի Դոմինիկյան եկեղեցու սրահ, ուր տեղի ունեցավ զոհերի հիշատակին նվիրված հիշատակի միջոցառում: Միջոցառմանը ներկա Գրացի հասարակայնության ներկայացուցիչների առջեւ ցուցադրվեց Էրիխ Ֆրիդլերի Հայոց ցեղասպանությանը նվիրված «ԱՂԵՏ-ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմը, որին հաջորդեց համերգային մասը՝ Գրացում հիմնադրված Բխիյան լարային քառյակի կատարմամբ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ