Թույլ են, թույլ /վիդեո/
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի համար ակնհայտ է, որ ՀԱԿԿ-ը և ԲՀԿ-ն համագործակցում են: ”Այդ համագործակցության պատճառները բավական պարզ են, նախքան նախագահական ընտրություններն էլ էր:
Այն ժամանակ Տեր-Պետրոսյանն ու ՀԱԿ-ը ուզում էին, որ առաջադրվեր Գագիկ Ծառուկյանը, և եթե նա առաջադրվեր, կարծում եմ, Տեր-Պետրոսյանը նրան կստարարեր”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նրա խոսքով, տիրապետում է շատ ռեսուրսների` ֆինանսական, կազմակերպչական, խորհրդարանական, և սա գիտակցում է առաջին նախագահը: Վերջինս ևս ռեսուրսներ ունի: Տեր-Պետրոսյանը հրապարակային քաղաքական գործիչ է, և համագործակցությունը երկուսի համար էլ կարող է փոխշահավետ լինել:
”Կլինի՞ ապագայում այդ համագործակցությունը, կախված է նրանից, թե որքանով պարոն Ծառուկյանին կհաջողվի ավագանու ընտրություններին ինչ-որ բան անել, բայց ինձ թվում է, որ պարզ է, թե ինչպես կանցնեն ավագանու ընտրությունները:
Ինձ չի թվում, որ նրանք կարող են այդտեղ հաղթել: Այդ դեպքում միայն խորհրդարանն է պայքարի տեղ մնում, իսկ այնտեղ ՀԱԿ-ը մեծ արժեք չի ներկայացնում: Այդ պատճառով դժվար է ասել, որ նրանք կարող են միավորվել”,-բացատրեց քաղաքագետը` հավելելով, որ և ՀԱԿ-ը, և ԲՀԿ-ը առանձին-առանձին թույլ են, որ միասին ևս թույլ կլինեն:
Քաղաքագետը համոզված է, որ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև իսկապես պայքար կա և դա շինծու չէ: Այդ պայքարին նա ականատես է եղել նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որտեղ “այդ երկու կուսակցությունները պայքարում էին իշխանության յուրաքանչյուր հատվածի համար”: Լևոն Տեր-Պետրոսյանը ևս կարծում է, որ այս պայքարը լուրջ է:
”Տեր-Պետրոսյանն էլ է այդպես տեսնում, և ցանկանում է որ այդ հակասությունը շարունակվի: Տեր-Պետրոսյանի հետաքրքրությունների շրջանակում է, որ նրանք այդպես շարունակեն պայքարել, ինչին նա փորձում է նպաստել, լարել իրավիճակը”,-եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը: