06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում են կայացել Կանադայում, Արգենտինայում եւ Վաշինգտոնում

Ապրիլի 24-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված արարողություն: Կանադայի մի շարք քաղաքներից մայրաքաղաք ժամանած հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին “Անմահ Հայաստան” հուշարձանին, իսկ հոգեւոր հայրերը աղոթեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հոգու հանգստության համար: ՀՀ դեսպանությունից բազմությունը շարժվեց դեպի Կանադայի Խորհրդարան, որտեղ Հայոց ցեղասպանության հիշատակման ելույթներով հանդես եկան ներկայացուցիչներ խորհրդարանական բոլոր կուսակցություններից եւ Կանադայի հայ համայնքից:Ելույթ ունեցավ նաեւ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով, մասնավորապես, խոսեց Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կարեւորության մասին՝ ընդգծելով Թուրքիայի կողմից իրականացվող ժխտողական քաղաքականության անթույլատրելիությունը:

Ապրիլի 23-24-ը Բուենոս Այրեսում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:Ապրիլի 23-ին Բուենոս Այրեսի կենտրոնական տաճարում` Կատեդրալում, տեղի ունեցավ հայոց ցեղասպանության 98-ամյակին նվիրված միջկրոնական արարողություն: Արարողությունը համատեղ կատարեցին Հայաստանեաց առաքելական եկեղեցու, Հայ կաթողիկե եկեղեցու եւ Արգենտինայի կաթոլիկ եկեղեցու կրոնական առաջնորդները եւ հոգեւոր ներկայացուցիչները: Արարողությունից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղում տաճարում գտնվող հայկական խաչքարի մոտ, որը տաճարում տեղադրվել է 2005 թվականի ապրիլի 24-ին, այն ժամանակվա Բուենոս Այրեսի կարդինալ Բերգոլիոյի՝ ներկայիս Հռոմի պապ Ֆրանսիսկոյի աջակցությամբ: Ներկա ավելի քան 1000 հյուրերի թվում էին արգենտինյան տեղական իշխանությունների, արգենտինահայ կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, ինչպես նաեւ արգենտինահայ վարժարանների տնօրինությունը եւ աշակերտությունը:Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում  մատուցվեց սուրբ պատարագ եւ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` նվիրված Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Արարողությունից հետո ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։ Այնուհետեւ Արմենիա անունը կրող փողոցում տեղի ունեցած արարողությանը ելույթներով հանդես եկան Արգենտինայի մարդու իրավունքների փոխքարտուղար Լուիս Իպոլիտո Ալենը, Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, արգենտինյան հայտնի դերասանուհի Վիրջինիա Ինոչենտին: Իր խոսքում դեսպան Մելիքյանը նշեց, որ այսօր աշխարհասփյուռ հայությունը կրկին իր բողոքի եւ արդարության վերականգնման պահանջի ձայնն է բարձրացնում համայն մարդկության առջեւ՝ հիշեցնելու եւ զգուշացնելու, որ հետագա հանցագործությունների կրկնությունից խուսափելու միակ ճանապարհը դա հանցագործության ճանաչումն ու դատապարտումն է։ «Մերժման, ուրացման եւ ժխտողական քաղաքականությունը միանշանակ դատապարտված է եւ անհեռատես է ի սկզբանե, եւ վաղ թե ուշ Թուրքիան պետք է գիտակցի այս հանգամանքը եւ առերեսվի սեփական պատմության հետ», – նշեց նա։ Դեսպանն իր երախտագիտության խոսքն ուղղեց Արգենտինյան կառավարությանը հայ ժողովրդի դեմ իրականցված ոճրագործության ճանաչման եւ դատապարտման, ինչպես նաեւ տասնամյակներ առաջ ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ընտանիքներին բարեկամաբար ընդունելու համար, որոնց զավակներն այսօր արդեն իրենց հսկայական ներդրումն ունեն երկրի հասարակական, մշակութային, տնտեսական, գիտական եւ կրթական կյանքում։

Միջոցառմանը ներկա էին Արգենտինայի դաշնային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, բազմաթիվ լրագրողներ, արգենտինահայեր:Վերոհիշյալ միջոցառումները լուսաբանվեցին արգենտինյան մի շարք առաջատար զանգվածային լրատվության միջոցներով։

 

Ապրիլի 24-ին Վաշինգտոնի եւ շրջակա նահանգների հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:Հայ համայնքային կազմակերպությունները ծաղկեպսակներ զետեղեցին հուշարձանի մոտ, որից հետո Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եւ Սուրբ Խաչ եկեղեցիների հոգեւոր առաջնորդների կողմից մատուցվեց պատարագ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Նույն օրը՝ երեկոյան, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հրավերով, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ ամերիկահայ կազմակերպությունների հետ համատեղ ԱՄՆ Սենատում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառում, որին ներկա էին տասնյակ կոնգրեսականներ, դիվանագետներ, ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ, հայ եկեղեցու հոգեւոր առաջնորդներ եւ հայ համայնքի մոտ 300 ներկայացուցիչներ, լրագրողներ:Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեզը եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը: Ելույթներով հանդես եկան Ներկայացուցիչների պալատի հայանպաստ խմբի համանախագահներ, ինչպես նաեւ Կոնգրեսի երկու տասնյակից ավելի այլ անդամներ: Բոլոր ելույթ ունեցողները դատապարտեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ Թուրքիայում հայերի նկատմամաբ իրականացված ոճրագործությունը, թուրքական կառավարության կողմից որդերգրված ժխտողականության քաղաքականությունը, կոչ արեցին Միացյալ Նահանգների կոնգրեսին եւ վարչակազմին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր ելույթում, մասնավորապես, դատապարտեց թուրքական ժխտողականությունը, նշեց, որ այն ապագա չունի եւ կարեւորեց համատեղ պայքարը դրա հաղթահարման ուղղությամբ:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եւ Սուրբ Խաչ եկեղեցիներում մատուցվեց պատարագ՝ նվիրված անմեղ զոհերի հիշատակին, որին ներկա էին դեսպան Մարգարյանը, ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաեւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ