“Նոր Հայաստանը” գժվում է ՕԵԿ-ի համար /վիդեո/
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր “Henaran.am“-ը, “Նոր Հայաստան” կուսակցության համագումարը անցնում է գրեթե դատարկ դահլիճում: Պարբերաբար հայտարարվում էր, որ սպասում են համագումարի հյուրերին, որից հետո կսկսեն: Նախատեսված ժամից մոտ 40 րոպե ուշացումով դահլիճ մտան ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը, որից հետո համագումարն սկսվեց:
“Նոր Հայաստան” կուսակցության ղեկավար Բաբկեն Հարությունյանը ասաց, որ արդարադատության նախարարությունը մերժել է իրենց կուսակցության գրանցումը, “բայց արդարադատության նախարարի կամ որեւէ այլ չինովնիկի ճղճիմ որոշումը չէ, որ պիտի արգելի երիտասարդներին զբաղվել քաղաքականությամբ եւ մենք շարունակելու ենք պայքարը, իսկ թե ինչու հենց ՕԵԿ-ը, կուսկացության ղեկավարը բացեց գաղտնիքը”:
Մինչ արդարադատության նախարարությունը մտորումների մեջ էր, կուսակցությունը դիմեց Ազգային Անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանին, որպեսզի թույլատրի ստեղծել Եվրասիական ինտեգրացիա ՀԿ-ի տեղեկատավական կենտրոնը: Հենց այդ ՀԿ-ի բազայի վրա է ստեղծվել “Նոր Հայաստան” կուսակցությունը եւ ի զարմանս նորաթուխ կուսակցության լիդերների` Բաղդասարյանը չմերժեց:
“Հիմա կենտրոնի ստեղծումը ընթացքի մեջ է: Եվ երբ Արթուր Բաղդասարյանը տեղեկացավ, որ արդարադատության նախարարությունը մերժել է մեզ, առաջարկեց շարունակել ՕԵԿ-ի հետ համատեղ, ՕԵԿ-ի կազմում”,-ասաց Հարությունյանը: Այնուհետ նա մոտ 10 րոպե գովաբանեց ՕԵԿ-ին եւ նրա առաջնորդին, իհարկե, քննադատելով ՀԱԿ-ին` մասնավորապես, եւ այլ քաղաքական ուժերին: Իր խոսքի վերջում նա քվեարկության դրեց ՕԵԿ կուսկացությանը “Նոր Հայաստանին” միավորելու օրակարգային հարցը: Պատվիրակները քվեարկեցին միաձայն: