23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղարին /ֆոտո/

Ապրիլի 17-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երեւանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԵԽ Գլխավոր քարտուղարի պաշտոնում պարոն Յագլանդն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան, այս անգամ այցելությունը տեղի է ունենում Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի առաջիկա նախագահության նախօրեին: 

“Ուղիղ մեկ ամիս հետո՝ մայիսի 16-ին, Հայաստանը ստանձնելու է ԵԽ նախագահությունը: Սա շատ կարեւոր հանգրվան է Հայաստանի համար իբրեւ ԵԽ անդամ երկիր, բայց նաեւ՝ մեծ պատասխանատվություն, եւ մենք անհրաժեշտ ջանքեր կգործադրենք լավագույնս իրականացնելու այս առաքելությունը”,  – ասաց ԱԳ նախարարի պաշտոնակատարը։ 

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ընդունելության համար՝ Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ կազմակերպությանն անդամակցելուց հետո Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ապահովման եւ ժողովրդավարության ամրապնդման առումով զգալի բարեփոխումներ են իրականացվել, որոնց արդյունքները տեսանելի են։ 

Զրուցակիցները քննարկեցին ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունները, կարեւորեցին դրանցում Եվրոպայի Խորհրդի բոլոր երեք ուղղությունների` մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ներառումը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ՀՀ նախագահության շրջանակներում նախատեսված են մի շարք կարեւոր միջոցառումներ խորհրդարանների, Սահմանադրական դատարանների, արտգործնախարարների մակարդակով, նաեւ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջկրոնական, միջմշակութային երկխոսությունը, տեղական ժողովրդավարությունը, խտրականության եւ անհանդուրժողականության դեմ պայքարը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը։ Ծրագրված է Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի մակարդակով համաժողով։ Կայանալու են բարձրաստիճան այցելություններ Ստրասբուրգ, մասնավորապես Հայաստանի Հանրապետության նախագահի այցը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աջակցություն հայտնեց կազմակերպության բարեփոխմանն ուղղված Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի նախաձեռնություններին:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց Հայաստան-Եվրոպայի Խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի իրականացումը:

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը ԵԽ Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, այդ ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Թորբյորն Յագլանդը ստորագրեցին Երեւանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի հիմնադրման եւ դրա իրավական կարգավիճակի մասին փոխըմբռնման հուշագիրը, որով Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ներկայության կարգավիճակը կբարձրանա նոր մակարդակի:

Էդվարդ Նալբանդյանն ու Թորբյորն Յագլանդը հանդես եկան նաեւ համատեղ մամլո ասուլիսով։ 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ