«Միջազգային հանրությունը պետք է բռնի մարդասպան երկրի ձեռքը, ոչ թե թևեր տա նրան»
Հարկավոր է հրաժարվել բոլոր այն փաստաթղթերից, որոնք աղավաղում են Արցախի արդար պայքարը:
Այլապես տպավորություն է, որ ոմանք ՀՀ և ԼՂՀ հասարակություններին ցանկանում են ընտելացնել տարածքների զիջման դիմաց Արցախի կարգավիճակին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր, ազգարգագետ Հրանուշ Խառատյանի և «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանի հեղինակած բանաձևին:
«Վերջին շրջանում նաև տողատակերում է հայտնվում ԼՂՀ-ի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու դրույթը: Մենք պահանջում ենք, որ ՀՀ իշխանություններն անեն ամեն ինչ, որպեսզի Արցախը դառնա բանակցային գործընթացի լիարժեք անդամը: Եթե նրանք չեն կարողանում իրացնել մեր իրավունքները, ապա դա կարող է անել ժողովուրդը: Հակամարտության կարգավորման հարցում պակաս կարևոր չէ նաև միջազգային հանրության արձագանքը: Ադրբեջանը պետք է պատասխանատվության կանչվի հայ ազգի նկատմամբ կատարված ցեղասպան գործողությունների, հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության, ապրիլյան պատերազմի ժամանակ մարդասպանի հերոսացման և մի շարք այլ հանցագործությունների համար»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: