Հայաստանին ԱՄՆ աջակցությունը չի կրճատվել 40 %-ով, հիմնական հոդվածներով օժանդակությունը պահպանվել է
Ապրիլի 10-ին ԱՄՆ վարչակազմը Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել 2014թ. բյուջեի նախագիծը: Ներկայացնելով նախագիծը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջ. Քերրին նշեց, որ ԱՄՆ վարչակազմի արտաքին օգնությունը նպաստելու է ԱՄՆ անվտանգության ամրապնդմանը եւ տնտեսական զարգացմանը: Նա շեշտեց, որ նախորդ տարվա համեմատ Պետքարտուղարության եւ USAID-ի ընդհանուր բյուջեն կրճատվել է 6 տոկոսով: Պետք է նշել, որ ներկա բյուջեն առաջարկվում է ԱՄՆ պատմության ընթացքում տնտեսական ամենախորը ճգնաժամից մեկի եւ պետական ապարատի ֆինանսավորման աննախադեպ կրճատման պարագայում:
ԱՄՆ վարչակազմի առաջարկի համաձայն Հայաստանին առաջարվող օգնության ծավալը կազմել է 30,843 մլն. ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա 36.608 մլն. դոլար առաջարկի դիմաց: Այնուհանդերձ ԱՄՆ վարչակազմի կողմից առաջարված 30,843 մլն թիվը ենթակա է փոփոխության, քանի որ այն դեռ պետք է անցնի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի մի շարք օղակներով: Հարկ է նշել, որ վարչակազմի առաջարկի մեջ պահպանվել է հավասարակշռությունը Հայաստանին եւ Ադրբեջանի ռազմական հատկացումների միջեւ՝ 2.7 մլն ԱՄՆ դոլարի չափով արտաքին ռազմական օգնության (FMF) եւ 600 հզ. ԱՄՆ դոլարի չափով Միջազգային ռազմական կրթության եւ վերապատրաստման (IMET) ծրագրերի համար:
Փաստորեն Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնությունը նախորդ տարվա առաջարկի համեմատ նվազել է 2.5 մլն. դոլարով, կամ 9 տոկոսով: Ինչ վերաբերվում է Առողջապահության, ինչպես նաեւ Չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի, ականազերծման եւ հարակից ոլորտների ծրագրերին, ապա ընթացիկ տարում դրանցով օգնություն չի նախատեսվել Հարավային Կովկասի երկրների համար: Մյուս երեք ծրագրերում ֆինանսավորումը մնացել է անփոփոխ:
Որպես կանոն վարչակազմն իր նախագծում Լեռնային Ղարաբաղին օգնություն չի նախատեսում: Տարիներ շարունակ այն առաջարկվում է Կոնգրեսի կողմից:
Հարկ է նշել, որ Եվրոպայի եւ Եվրասիայի տարածաշրջանի երկրների օգնության փաթեթը շարունակաբար կրճատվում է. 2012թ. այն կրճատվել է 18 տոկոսով, 2013թ.՝ 15 տոկոսով, 2013թ. 11 տոկոսով: 2014.թ բյուջեում 12 տոկոսով կրճատվել է կովկասյան երկրներին հատկացելիք օգնության փաթեթի առաջարկը: