«Եթե չես կարողանում կտրել ձեռքը, ապա այն պետք է համբուրես ու դնես ճակատիդ»
ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանը կարծում է՝ ռուս-թուրքական հարաբերությունները չեն կարող գլոբալ և ռազմավարական առումով խորացված մակարդակի լինել:
«Պատճառն այն է, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանը և Թուրքիան ունեն խիստ հակասական շահեր: Նրանք երբեմն-երբեմն կարողանում են այդ հակասությունները թողնել երկրորդ պլանում և առաջին պլան մղել իրենց համար ինչ-որ պահի ավելի կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ-ական պատգամովորը:
Վերջինս շեշտեց՝ Թուրքիան հասկացավ, որ տնտեսապես սկսում է տուժել և ներողություն խնդրելու գլխավոր պատճառը դա էր:
«Պատճառ էր նաև տարածաշրջանում լարվածության թուլացումը, որովհետև, ըստ էության, Էրդողանը ձախողվեց իր Մերձավորարևելյան քաղաքականության մեջ, նա չէր պատկերացնում Ռուսաստանի այդ կարգի հուժկու մասնակցությունն Ասադի դեմ սկսած թուրքական գործընթացներում: Եվ, բնականաբար, հիմա Էրդողանն առաջնորդվում է այն սկզբունքով, որ եթե չես կարողանում կտրել ձեռքը, ապա այն պետք է համբուրես ու դնես ճակատիդ»,-ասաց նա: