Տարոնը ծայրամասային Ջրվեժում էր /ֆոտո, վիդեո/
Երևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր քարոզչության շրջանակներում հանդիպեց Նորք-Նորքի Ջրվեժ թաղամասի բնակիչների հետ: Քաղաքապետին այստեղ դիմավորեցին աղ ու հացով: Մարգարյանը բարևեց քաղաքացիներին, հարցրեց նրանց որպիսությունը: Ասաց, որ Երևանում կան բազմում խնդիրներ, բայց բազում խնդիրներ էլ արդեն լուծում են ստացել` քաղաքապետարանի և բնակիչների համատեղ աշխատանքի շնորհիվ:
Գործող քաղաքապետը ընդգծեց, որ հատկապես շատ է կարևորում քաղաքային իշխանության և բնակչության միջև կապը և այդ պատճառով էլ ընթացքում ինքն ու քաղաքապետարանի ողջ կազմն աշխատել են այս ուղղությամբ, անմիջական շփումներ են ունեցել, ինչը նպաստել է խնդիրների լուծմանը: Բայց սա բավարար չէ, հարկավոր են նաև այլ մեթոդներ ու ծրագրեր :
”Մենք կարող ենք ավելի լավ Երևան ունենալ, ավելի լավ Ջրվեժ ունենալ”,-ասաց քաղաքապետն ու խնդրեց հենց սրա համար էլ իրենց օգտին քվեարկել մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում, որտեղ Մարգարյանը գլխավորում է ՀՀԿ ցուցակը:
”Խնդրում ենք, որ ձեր քվեն տաք այն թիմին, այն փորձառու թիմին, որն ապացուցեց, որ կարող է սրտացավ լինել երևանցիների, նրանց խնդիրների համար, գիշեր ու ցերեկ աշխատել”,-ասաց Տարոն Մարգարյանը:
Երեւանի ծայրամասային Ջրվեժում Տարոն Մարգարյանի հանդիպման մանրամասները` տեսանյութում: