Ոստիկանության զորքեր. 24 տարվա արժանապատիվ ծառայություն հանուն օրենքի և ժողովրդի
Հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարության շարահրապարակում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված ոստիկանության զորքերի կազմավորման քսանչորսերորդ տարեդարձին: Հանդիսությանը մասնակցում էին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ, հյուրեր:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը կազմավորվեց Արցախյան ազատամարտի հերոսական օրերին՝ աշխարհազորի հետ պաշտպանելով մեր երկրի սահմանները, երկրի ներսում պայքարելով զինված հանցախմբերի դեմ, պահպանելով հասարակական կարգն ու քաղաքացիների իրավունքները: Այսօր էլ Զորքերը շուրջօրյա ծառայողամարտական հերթապահության մեջ է:
Տոնի առթիվ պատրաստականության մասին ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտնենանտ Լևոն Երանոսյանի զեկույցն ընդունելուց հետո ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ողջույնի խոսքով դիմեց զինծառայողներին ու հյուրերին:
Ոստիկանության զորքերի կայացման գործում ունեցած ներդրման, ծառայողամարտական բարձր պատրաստականության և պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար մի խումբ զինծառայողներ ոստիկանության պետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամաններով արժանացան պարգևների:
Պարգևատրման արարողությունից հետո տեղի ունեցավ զինծառայողների հանդիսավոր երթ:
Ոստիկանության զորքերի կազմավորման տարեդարձին նվիրված հանդիսությունը զորամասի ճաշարանում ավարտվեց տոնական ճաշկերույթով՝ ոստիկանության զորքերի վետերանների, հյուրերի, զինծառայողների մասնակցությամբ: