01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դեսպանն այցելել է մանկատուն

Վերջին մեկ ամսվա ընթացքում դեսպան Ռիչարդ Միլսի ուշադրության կենտրոնում էին մարդու իրավունքներին վերաբերող հարցերը և այս հարցերի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Լուռու մարզ կատարած իր այցի շրջանակում, որտեղ նա հանդիպումներ ունեցավ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մի շարք կառույցների հետ, դեսպանն այցելեց նաև Վանաձորի մանկատուն:

Դեսպանը ծանոթացավ մանկատան պայմաններին,  զրուցեց Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ: Նա նաև զրուցեց մանկատան անձնակազմի ու սաների հետ՝ երեխաների պաշտպանության ուղղությամբ իրականացվող բարեփոխումների վերաբերյալ նրանց մոտեցումներին ծանոթանալու նպատակով: Քննության առնվեցին մանկատների բեռնաթափման և երեխաներին ընտանիք վերադարձնելու հեռանկարները:

«Երեխաները պատշաճ խնամքի, հոգածության, սիրո ու աջակցության իրավունք ունեն, – ասաց դեսպան Միլսը. – Նման խնամք ու հոգածություն ապահովելու համար խնամատար հաստատությունները, թերևս, լավագույն վայրը չեն: Բացի այդ, դա թանկ տարբերակ է պետության համար և նաև կոռուպցիոն դրսևորումների տեղիք է տալիս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսավորումը հատկացվում է հաստատության սաների թվի հիման վրա և ոչ խնամքի որակի հիման վրա»:

Կյանքի դժվարին պայմաներում հայտնված երեխաների վերաբերյալ ԱՄՆ կառավարությանգործողությունների ծրագրի շրջանակում 2015թ. հոկտեմբերին Հայաստանը ընտրվել էր որպես առաջնային մասնակից, ինչը թույլ է տալիս հետևողականորեն աջակցել երեխաների պաշտպանությանն ուղղված բարեփոխումներին: ՀՀ կառավարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Վորլդ Վիժըն, Սեյվ դե չիլդրեն, Հույսի կամուրջ կազմակերպությունների հետ միասին աշխատում է ռիսկային խմբերի երեխաների խնամքի բարելավման հարցերի շուրջ:

Նպատակներից մեկը, որի ուղղությամբ համագործակցում են ԱՄՆ և ՀՀ կառավարությունները խնամատար հաստատությունների բեռնաթափումն է: Ըստ  ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանում մոտ 4.500 երեխա կա երկրի 41 խնամատար հաստատություններում՝ մանկատներ, գիշերօթիկ դպրոցներ, հատուկ կրթական հաստատություններ: Այս հաստատություններում տեղավորված երեխաների 97 տոկոսը սոցիալապես անապահով ընտանիքներից են, ընդ որում երեխաների ծնողներից առնվազն մեկը ողջ է:

«Այլընտրանքային ծառայությունների բացակայության  պատճառով երեխաների պաշտպանության ներկայիս համակարգը նպաստում է, որպեսզի հաշմանդամություն, հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների ծնողները և սոցիալապես անապահով ընտանիքները ձգտեն երեխաներին ուղարկել խնամատար հաստատություններ՝ ժամանակավոր կամ մշտական խնամքի համար: Այս երեխաները, ինչպես և ցանկացած այլ երեխա, իրավունք ունի հասակ առնել ընտանիքում կամ ազգականների: Որտեղ հնարավոր է, մենք պետք է համախմբենք մեր ջանքերը պաշտպանելու այս երեխաների իրավունքները և այդ կերպ օժանդակելով, որ պահպանվի ընտանիքը », – ասաց դեսպան Միլսը:

Վանաձորի մանկատուն կատարած այցից զատ դեսպանը Լոռու մարզում հանդիպում ունեցավ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ, ովքեր զբաղվում են զինված ուժերում մարդու իրավունքների հետ կապված հարցերով: Դեսպան Միլսը նաև հանդիպում ունեցավ Խաղաղության կորպուսի կամավորներից մեկի հետ, ով աշխատում է ռիսկային խմբերի երիտասարդներին ու տարեցներին սոցիալական ու կրթական ծառայություններ մատուցող  «Օրրան» կենտրոնում: Այստեղ դեսպանը հարցազրույց տվեց «Օրրան» կենտրոնի ծրագրի շրջանակում լրագրողական գործ ուսանող երիտասարդներին:

«Խաղաղության կորպուսի մեր կամավորներից շատերն աշխատում են «Օրրանի» նման կենտրոններում՝ օգնելով մշակել ծրագրեր, որոնք կօգնեն համայնքների ու կենսակերպի բարելավմանը, – ասաց դեսպան Միլսը, – Խաղաղության կորպուսի այս կամավորները մարմնավորում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի շունչն ու ոգին՝ ապահովելով, որ համայնքում բոլորը ստանան կրթություն, սեր ու օժանդակություն, որ անհրաժեշտ է հասարակության ակտիվ ու պահանջատեր անդամ դառնալու համար»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ