15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր Հայաստանի 1991-ի սեպտեմբերի 21-ից է. Առավոտ

“Inauguro” լատիներենից թարգմանաբար նշանակում է “ձեռնադրել”, “օծել”: “Ինաուգուրացիայի” ծեսը, հետեւաբար, գալիս է թագավորներին օծելու անհրաժեշտությունից: Դրա համար, ի դեպ, պետք են նաեւ “ավգուրներ” (augures)` քրմեր, որոնք լիազորված են այդ օծումն իրականացնելու: Երդումն այստեղ առաջնային դեր չէր խաղում, եթե ընդհանրապես առկա էր. գերագույն հոգեւորականը Աստծո անունից տվյալ անձի գլխին դնում է թագը` երդվելու կարիք առանձնապես չկար: Ընդ որում, դա տեղի է ունենում տարբեր հանգամաններում:

Օրինակ` Բոնապարտը սկզբում պետական հեղաշրջմամբ դարձավ առաջին կոնսուլ, այնուհետեւ` 3 տարի անց, ոչ մրցակցային ընտրություններում ընտրվեց ցմահ կոնսուլ [այսպես ասած` վերարտադրեց իր իշխանությունը]: Բայց դա էլ իրեն քիչ թվաց, ու եւս 2 տարի անց Հռոմի պապ Պիոս 7-րդը կատարեց “ինաուգուրացիա”, նրան օծեց կայսր` թագ դնելով ինչպես Նապոլեոնի, այնպես էր Ժոզեֆինայի գլխին: Թե որքանով լեգիտիմ կայսր էր նա` հիրավի, Աստված գիտի: Փոխարենը հայտնի է, որ կայսր դառնալուց հետո Բոնապարտն ագրեսիվ պատերազմ սկսեց ամբողջ Եվրոպայի դեմ:

“Ինաուգուրացիան”, մի խոսքով, բառիս բուն իմաստով երդում, երդմնակալություն չէ: Չնայած ժողովրդավարական [կամ այդպիսի հավակնություններ ունեցող] երկրներում պետության ղեկավարը ստանձնում է իր պաշտոնը երդում տալով: Սովորաբար դա ուղեկցվում է նախկին` “թագավորական” ձեռնադրումներից եկած որոշակի արխայիկ տարրերով: Հայաստանում, մասնավորապես` կաթողիկոսով եւ Աստվածաշնչով: Այնինչ պետք է հաշվի առնել, որ մեր երկրի բնակչության գերիշխող մասը քրիստոնեական որոշակի ծեսեր պահպանող աթեիստներ են: Այդ հանգամանքը, հավանաբար, հաշվի չի առնում Րաֆֆի Հովհաննիսյանը` չափից դուրս լուրջ ընդունելով նախագահի երդմնակալության այդ արխայիկ տարրերը: Բայց դա պարզապես ծես է, ավանդույթ, որը բովանդակային որեւէ նշանակություն չունի. Հարության տոնին հավկիթներ ներկելուց մենք չենք խորանում, թե ինչի համար ենք դա անում:

Թե ինչ է նշանակում “նոր Հայաստանի երդմնակալության արարողություն”, ես ընդհանրապես չեմ հասկանում: Ով ում է օծում, ով ում է երդում տալիս, եւ ինչ քաղաքական կամ թեկուզ բարոյական նշանակություն դա կունենա` չեմ պատկերացնում: Անձամբ ինձ համար նոր Հայաստանը գոյություն ունի 1991 թվականի սեպտեմբերի 21-ից: Աղքատ երկիր է դա, թե հարուստ, ժողովրդավարական է, թե ավտորիտար, ինչպիսին են Հայաստանի իշխանավորները եւ քաղաքական գործիչները` դրանք թեեւ կարեւոր, բայց ինձ համար որոշիչ հարցեր չեն: Փառք եւ պատիվ մեր հայրենակիցներին, ովեր այս 22 տարում եկել են այստեղ` մեզ հետ միասին նոր Հայաստանում աշխատելու: Նրանց թվում է, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը: Հաջողություն ցանկանանք նրանց, ովքեր այս ընթացքում Հայաստանից մեկնել են ավելի հարմարավետ տեղեր: Հեռվից հետեւեք ձեր նախկին հայրենիքի կյանքին: Աշխատեք մեզ խելք չսովորեցնել:

Արամ Աբրահամյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ