Խոստանում են քնել կառավարության շենքի մոտ /վիդեո/
Ապրիլի 4-ին ` կառավարության հերթական նիստի օրը “Հանրապետության” նրբանցքի նախկին բնակիչները սպասում էին նախարարներին: Այսօր նրանք եկել էին հաստատակամ և իրենց պահանջը հերթական անգամ բարձրացրին` “Տուն եմ տվել տուն եմ ուզում” համատեքստում :
5 տարի առաջ քանդվել են նրանց տները ըստ պայմանագրի` 3 ու կես տարի հետո նույն տեղում բնակարան ստանալու պայմանով: Վաղուց լրացել է պայմանագրի ժամկետը, իսկ նրանց տների տեղում միայն ապագա շենքի հիմքն է ու հույս էլ չկա, թե երբևէ շենք կկառուցվի:
Բնակիչները նշեցին, որ արդեն դիմել են հանրապետության նախագահին, որը պատասխանել է իրենց նամակին ասելով, որ կառավարությունում հարցին հստակ լուծում կտրվի:
“Հանրապետության” նրբանցք 10 հասցեի նախկին բնակչուհի Լաուրա Ալոյանը վճռական է տրամադրված. “Մինչև տունս չտաք` ստեղից չեմ գնա”:
Բնակիչները պնդում են, որ արդեն մի քանի ամիս իրենց վարձակալած բնակարանների վճարն էլ չի փոխանցվում. ” Ուրիշ ճար չկա. կամ թող տան մեր տները, կամ կքնենք հենց այստեղ”: