“Օրը ցերեկով ահաբեկիչը սպանի դաշնակցական գյուղապետի՞ն”. Րաֆֆին ժամկետ է դնում, ոստիկանությունը` ճշտում
Ապրիլի 2-ին առավոտյան Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է համայնքապետի` Հրաչ Մուրադյանի դիակը: Henaran.am-ը ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից տեղեկացավ, որ դիակը հայտնաբերվել է այսօր առավոտյան և այս ժամի դրությամբ դեռ պարզված չեն մահվան հանգամանքները:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ դեռ պիտի կատարվեն տեղազննության աշխատանքներ: “Միայն դրանից հետո պարզ կդառնա սպանել են գյուղապետին, թե մահը վրա է հասել այլ պատճառներով”:
Հրաչ Մուրադյանը համայնքը ղեկավարել է երկար տարիներ: Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմին: Նա ՀՅԴ անդամ է:
Հ.Գ. Քիչ առաջ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարզային այցելությունների ընթացքում կոչ արեց իշխանություններին մինչեւ ապրիլի 9-ը բացահայտել դեպքը: “Ինչպես է հնարավոր օրը ցերեկով, իր աշխատավայրում ահաբեկիչը սպանի դաշնակցական հզոր գյուղապետին”,-նկատեց Հովհաննիսյանը: