Հանրակրթական դպրոցներում հնչել է վերջին զանգը
Մայիսի 27-ին «Վերջին զանգ»-ի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին մասնակցել և շրջանավարտներին շնորհավորել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու բարձրաստիճան զինվորականներ:
Տոնական միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարն ու Երեւանի քաղաքապետը եղել են Երևանի թիվ 147 հիմնական դպրոցում և «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրում:
Երևանի թիվ 147 դպրոցի բակում պաշտպանության նախարարն ու քաղաքապետը խորհրդանշական ծառատունկ են իրականացրել: Ավանդական «վերջին դասի» փոխարեն դպրոցի ավարտական դասարանների շրջանավարտները կազմակերպել էին հուշ ցերեկույթ` նվիրված դպրոցի սան, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի և ապրիլյան քառօրյա պատերազմի մյուս քաջարի զինվորների հիշատակին: Դպրոցի շրջանավարտներին ուղղված իր ողջույնի խոսքում Սեյրան Օհանյանն անդրադարձել է օրվա խորհրդին, խոսել մերօրյա հերոսների մասին և ընդգծել, որ նրանք հզոր ու անկոտրում անհատի ընդօրինակելի կերպարներ են:
«Փոքր Մհեր» կրթահամալիրում Սեյրան Օհանյանն ու Տարոն Մարգարյանը մասնակցել են հայկազունների ավարտական միջոցառմանը, որի ընթացքում կրթահամալիրի շրջանավարտները հանդես են եկել ցուցադրական ելույթներով:
Մայիսի 27-ին հանրապետության հանրակրթական հաստատություններ են այցելել և շրջանավարտներին շնորհավորել են նաև ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետերը, դպրոցներին կցագրված զորամասերի հրամանատարները: