07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծաղկազարդը մայրաքաղաքում /ֆոտո, վիդեո/

Ս. Հարությանը նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդն հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. “Օրհնությո¯ւն, Դավթի որդուն” (Մատթ. 21:15): Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսային:

Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին:

Հիսուսի մուտքը Երուսաղեմի ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. “Ովսաննա Բարձյալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում” (Մարկ. 10:9-10):

Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների, Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ:

Դա նշանակում է, որ այդ օրը Ս. Հաղորդություն է  բաշխվում:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և կենդանություն պարգևող:

Ծաղկազարդին եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվում:

 Ծաղկազարդը կոչվում է նաեւ Ծառազարդ եւ անմիջականորեն կապված է եղել նաեւ Կենաց ծառի պաշտամունքի հետ: Հայաստանում ծառի պաշտամունքը ամուր արմատներ է ունեցել: Պաշտամունքի առարկա են եղել հատկապես բարդին, սոսին: Արմավիր մայրաքաղաքի մոտակայքում էր նշանավոր Սոսյաց սրբազան անտառը, որտեղ նաեւ հայոց աստվածների բագիններն էին կանգնեցված: Ծառերին անգամ նվերներ ու զոհաբերություններ էին մատուցում:

Ծաղկազարդի նախօրեին աղջիկները դաշտ ու անտառ էին գնում` կանաչի հավաքելու: Ծաղկազարդի տոնին անպայման պետք է նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին: Շատերը տապակած կամ հում կանաչեղենը եկեղեցում բաժանում էին որպես մատաղ: Լոռվա ձորում այդ օրը հատկապես բանջար (եղինջ) են եփել, որպեսզի նրա ծակող զորությունը վերանա, քանզի հավատացած էին, թե Հիսուսին բանջարով են ծեծել:

 Օրհնված ճյուղերը համարվում էին չարխափան: Այս ճյուղերով խփում էին անասուններին, որ չար աչքից հեռու լինեին, կախում էին խնոցուց, որ կաթը յուղոտ լիներ, կախում էին տան պատերից, որպեսզի տնեցիք հաջողակ լինեին: Նաեւ հարվածում էին միմյանց` ասելով. “Մեջքը տեղը, կամքը տեղը”:

Չնայած ծաղկազարդը պահքի ժամանակաշրջան է, այդ օրը թույլ էր տրվում նշանադրության արարողություն կատարել, սակայն պարել կարող էին միայն տղամարդիկ, որ պարում էին Ծաղկազարդի վերվերի պարը:

Ծաղկազարդը, ըստ էության, բխում է նաեւ բնության, հատկապես ծառերի եւ կենաց ծառի պաշտամունքից: Ծաղկազարդի տոնին հնում պաշտամունքային վայրերում ծառերը զարդարում էին զանազան գունավոր լաթերով:

Եթե Ամանորին չոր ճյուղերից ծառը զարդարում էին մրգերով եւ չրերով, ապա Ծառզարդարի ծառը զարդարվում էր փնջած ձվերով, որոնք աչքխափան հուռութք են եղել. ձուն եղել է կյանքի սկզբնավորության, նաեւ տիեզերքի խորհրդանիշ:

Այն նաեւ Նուրի (Նար, Հուրի, Նուարդ) աստվածուհուն նվիրված տոն էր: Քանի որ քրիստոնեության մուտքից հետո հին տոտեմներն արգելվեցին, ժողովուրդը հին աստվածությունները պահպանեց տիկնիկների ձեւով: Նուրին պատկերված է որպես խատուտիկ տիկնիկ, որի աչքերից կաթիլներ էին թափվում: Նուրին նաեւ անձրեւի հովանավոր աստվածուհին էր, եւ երաշտի ժամանակ գյուղացիները Նուրիին պտտեցնում էին համայնքում` որպեսզի նա անձրեւ պարգեւեր մարդկանց: Նուրիի շապիկը  նկարազարդ էր, իսկ մեջքի գոտին` ծիածանակերպ:

Նուրիի պաշտամունքը խոր արմատներ ուներ Հայաստանում եւ դեռ մի քանի տասնամյակ առաջ Նուրիի ծիսակատարությունը տարածված էր Հայաստանի շատ գավառներում: Մասնավորապես, երաշտի ժամանակ Լոռիում հաճախ խաչքար էին գցում ջուրը, խոտ էին այրում եւ սկսում Նուրիի ծեսը:

Երեխաները Նուրիի տիկնիկը ձեռքին շրջում էին տնետուն, փողոցներում ու երգում.

-Նուրի-Նուրին էկել ա,

Շիլա-շաբիք հագել ա,

Կարմիր գոտին կապել ա,

Ձու բերեք թաթին դնենք,

Եղ բերենք` սրտին քսենք…

Սրտին քսել` նշանակում է սիրաշահել:

Կա երգի այլ տարբերակ եւս.

-Նուրի-Նուրին էկել ա,

Դուռն ի դռան կանգնել ա,

Շալե շաբիք հագել ա,

Կեշմե գոտիք կապել ա,

Ձու բերեք, թաթը դնենք,

Եղ բերեք` վարսը քսենք,

Ջուր բերեք` գլխին ածենք,

Աստուծանե ցող թող գա,

Գետնիցը` պտուղ դուս գա…

Երեխաներից մեկը զամբյուղ է պահում, որի մեջ տանտերերը ուտելիք եւ գումար են դնում, ճանապարհելիս ջրում: Վերջում հավաքված համայնական միջոցներով գառ են գնում, մատաղ անում, տոնը նշում երգով եւ ուրախությամբ:

Henaran.am-ը շրջել է Երեւանի փողոցներով, ներկա եղել Սուրբ Սարգսի պատարագին: Լուսանկներն ու տեսանյութը՝ Ավետիս Մելքոնյանի:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ