Վրաստանը դադարեց նախագահական լինել
Վրաստանում գրեթե 10 տարի շարունակվող Միխեիլ Սաակաշվիլիի դարաշրջանը կարծես թե մոտեցավ ավարտին: Նախօրեին վրացական խորհրդարանը սահմանադրական փոփոխություններ կատարեց, որոնց համաձայն նախագահը վերջնականապես վերածվեց “հարսանեկան գեներալի”, ով զրկվեց կառավարության վրա որեւէ կերպ ազդելու հնարավորությունից, գրում է “новости mail.ru”-ն:
Մասնագետների գնահատմամբ` “չեղյալ հայտարարվեց Սաակաշվիլիի ինքնավարությունը, ով ավարտում է իր քաղաքական գործունեությունը”: Նախագահական կուսակցությունը կարող է մնալ քաղաքական դաշտում` առաջադրելով նոր ղեկավարի:
Համաձայն նախորդ տարվա ավարտին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի առաջարկած սահմանադրական փոփոխությունների` եթե նախագահը ցրի կառավարությունը, իսկ խորհրդարանը չհամաձայնվի նոր վարչապետի թեկնածությանը, մինչ հոկտեմբերյան ընտրությունները կմնա նախկին կաբինետը: “Դա կարեւոր է, քանի որ Սաակաշվիլին չի կարողանա “գայթակղվել” գործող սահմանադրության խեղաթյուրված նորմայով` երկրում ճգնաժամ սադրելու համար”,-հայտարարել է Իվանիշվիլին: