Լո՞ւրջ
Երեկ «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ Պետրոսն իր հյուր Նարինե Մկրտչյանի խոսքին, թե ազատագրված տարածքները մեր պատմական հողերն են, խիստ զարմացած հարցրեց. «Ֆիզուլին, Աղդամը մեր հողերն ե՞ն»: Ու Նարինեի՝ «այո» պատասխանին կրկնակի զարմանքով հարցրեց «Լո՞ւրջ»:
Հիմա, ուզում եմ հասկանալ, սա, մեղմ ասած, չիմացություն է՞, թե՞ քաղաքականություն: Եթե չիմացություն է, հարգելի Պետրոսին հիշեցնեմ, որ ազատագրված յոթ տարածքները մեր հայկական պատմական գավառներն են, իսկ Աղդամը հայկական Ակն գավառն է, Ֆիզուլին` Վարանդան:
Հարկ է շարքը շարունակել. Քաշաթաղը` (Լաչին), Քարվաճառը (Քելբաջար), Կովսականը (Զանգելան), Ջրականը (Ջաբրաիլ), Սանասարը(Կուբաթլի): Սրանք ազատագրված տարածքներն են, որոնք պատմական Արցախի հողերն են, այլ բան է, որ Ադրբեջանը 70 տարիների ընթացքում կտրատեց ու մի փոքրիկ ԼՂԻՄ վերաձևեց։ Իսկ եթե սա քաղաքականություն է, ապա մտածելու լուրջ տեղիք է տալիս:
Արմինե Սիմոնյան