Եթե բանկում հաշիվ ունեք
Հաճախորդի անունից դրամական միջոցներ փոխանցելու և վճարելու կարգադրություններ անելու` անձանց իրավունքները հաճախորդը հավաստում է օրենքով, դրան համապատասխան բանկային կանոններով ու բանկային հաշվի պայմանագրով նախատեսված փաստաթղթերը բանկին ներկայացնելու միջոցով: Հաճախորդն իրավունք ունի կարգադրել բանկին իր հաշվից դրամական միջոցներ դուրս գրել երրորդ անձանց պահանջով` կապված այդ անձանց հանդեպ հաճախորդի պարտավորությունների կատարման հետ:
Բանկն ընդունում է այդ կարգադրությունները, պայմանով, որ դրանցում գրավոր նշվեն անհրաժեշտ տվյալներ, որոնք հնարավորություն են ընձեռում համապատասխան պահանջը ներկայացնելիս նույնացնել նման պահանջի իրավունք ունեցող անձին: Պայմանագրով կարող է նախատեսվել հաշվում եղած դրամական միջոցներն էլեկտրոնային միջոցներով և այլ փաստաթղթերով տնօրինելու իրավունքների հավաստում` դրանցում օգտագործելով հաճախորդի ստորագրության, ծածկագրերի, նշանաբանների և այլ միջոցների նմանօրինակները, որոնք հավաստում են, որ կարգադրությունն արել է դրա համար լիազորված անձը:
Բանկը պարտավոր է հաճախորդի հաշվին մուտք եղած դրամական միջոցները մուտքագրել ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը բանկ մուտք լինելու հաջորդ օրը, եթե ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ օրենքով կամ բանկային հաշվի պայմանագրով: Բանկը պարտավոր է հաճախորդի կարգադրությամբ հաշվից դրամական միջոցներ տալ կամ փոխանցել ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը բանկ մուտք լինելու հաջորդ օրը, եթե այլ ժամկետներ նախատեսված չեն օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով կամ բանկային հաշվի պայմանագրով:
Իրազեկումը` iravaban.net-ի