Այլապես կստացվի ինչպես միշտ
Դեմ չեմ բոլորին զորակեչելու նախաձեռնությանը, սակայն սա համալիր լուծում է պահանջում, այլապես կստացվի ինչպես միշտ: Նախ, կարծում եմ, նպատակահարմար է կրճատել ծառայության ժամկետը՝ ընդհուպ 1 տարով, պայմանով, որ երեք տարին մեկ 2-ական ամսով անխտիր անցնեն վերապատրաստման վարժահավաքների՝ անկախ զբաղեցրած դիրքից ու կարգավիճակից:
Ինքս ծառայել եմ Գերմանիայում տեղակայված 1200 զինվոր ունեցող խորհրդային զորամասում և ճանաչվել լավագույնը (այն տարիներին 6 ամիսը մեկ մրցույթի նման ստուգատես էր անցկացվում), սակայն արդեն 10 տարի անց գրեթե մոռացել էի ավտոմատ հրազենը քանդելն ու հավաքելը:
Բացի այդ, տեխնիկան է փոխվում: Հիվանդությունը հիմք է շարային ծառայությունից ազատելու համար, սակայն դա չի բացառում, որպեսզի ծառայություն անցնեն այլընտրանքային հիմունքներով (խնամեն հիվանդներին, կատարեն թիկունքային աշխատանքներ և այլն):
Իմ կարծիքով, այս հարցում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկողներն առնվազն պետք է իրական ծառայություն անցած լինեն (շտաբային ծառայությունները հաշիվ չեն. երջանկահիշատակ Վլ. Նազարյանը ասում էր, որ արդարադատության նախարարը պետք է կամ Համալսարանի իրավաբանականն ավարտած լինի, կամ գոնե երկու տարի բանտում «նստի») ու զերծ մնան իրավիճակային մտածելակերպից…
Գեւորգ Դանիելյան
ՀՀ նախկին արդարադատության նախարար