Պաշտպանության նախարարության հայտարարությունը
Ինչպես հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ: Այս պահի դրությամբ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ լարված, ինչի վերաբերյալ պարբերաբար տեղեկացվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը:
Դեսպանի հետ ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ղարաբաղա-ադրբեջանական զինված դիմակայության գոտում տիրող իրավիճակը և Ադրբեջանի սադրիչ գործողությունները: Ընդգծվել է ԵԱՀԿ-ի դերը զինված դիմակայության գոտում լարվածության թուլացման գործում, ինչպես նաև մոնիտորինգային և միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը: