ՍԴ-ն պաշտպանեց գողին. Զարուհի Փոստանջյան
ԿԸՀ-ն, տեղամասային ընտրական հանձնաժողովները` բոլորը մասին, դրսևորել են ‘’բացարձակ անգործություն’’: Քիչ առաջ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վեիճարկելու նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների վերաբերյալ որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրուցում նման հայտարարություն արեց ԱԺ ‘’Ժառանգություն’’ խմբակցության քարտուղար, դատարանում Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը: ՍԴ որոշման մեջ նշվեց, որ դիմող կողմը ժամանակին չի օգտվել իր իրավունքներից ու չի դիմել օրենքով իրեն վերապահված համապատասխան քայլերի:
Զարուհի Փոստանջյանը մնում է այն համոզմանը, որ ՍԴ-ն ‘’շատ հանգիստ կարող էր երկու օրվա ընթացքում բացել պարկերը և պարզել, թե ինչ է տեղի ունեցել’’:
‘’Իսկ տեղի է ունեցել ուղղակի գողություն: Սերժ Սարգսյանը գողացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայները’’, -ասաց Զարուհի Փոստանջյանը` շեշտելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք կարողացել են ‘’պահել’’ 540 հազար ձայն, իսկ ՍԴ-ն նրա խոսքով, սատարեց ”գողին”:
Ինչ վերաբերվում է թիվ 17/05 տեղամասի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու ՍԴ որոշմանը, Զարուհի Փոստանջյանն այն ամոթալի համարեց եւ նշեց, որ խոսքը ոչ թե միայն մեկ տեղամասի մասին է, այլ, որ “ողջ երկրով տեղի ունեցած ընտրախախտումների”:
Զարուհի Փոստանջյանը ասաց նաեւ, որ ‘’Ժառանգությունն’’ իր հետագա քայլերի մասին կտեղեկացնի վաղը` մարտի 15-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: