Խոսնակները չեն տեղավորվում
Այսօր ‘’Մեդիակենտրոնում’’ պետք է կայանար քննարկում Եվրասիական միության եւ աբխազական երկաթգծի վերագործարկման հնարավորության շուրջ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի, “Ժառանգության” մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի եւ “Կովկաս” ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի մասնակցությամբ:
Տիգրան Ուրիխանյանը ասուլիսին եկավ ուղիղ մեկ ժամ ուշացումով, իսկ Հովսեփ Խուրշուդյանն ընդհանրապես չեկավ` ‘’Ազատության ‘’ հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի վրանի տեղադրման խնդիրների պատճառով:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը չկայացած քննարկման թեմայի շուրջ իր տեսակետները ներկայացրեց լրատվամիջոցներին: Ասուլիսի ավարտից հետո տեղ հասած ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց, որ ՀՀ անդամակցությունը որեւէ միջազգային միջպետական միավորման հետ չի կարող լինել ի հաշիվ այլ պետությունների հետ մեր հարաբերությունների կամ այլ կազմակերպություններին մեր անդամակցության:
Խոսելով Եվրասիական միության շրջանակներում հնարավոր ինտեգրացիոն գործընթացներին, նա ասաց, որ խոսքը գնում է ընդամենը տարածքային ինտեգրացիոն նախագծի մասին, որին մասնակցելը ԲՀԿ-ն նպատակահարմար է համարում` ներկայացնելու Հայաստանի խնդիրները եւ փորձել նպաստելու դրանց լուծմանը:
Ինչ վերաբերվում է ԵՄ-Եվրասիական միություն ինտեգրացիոն գործընթացների միջեւ հնարավոր ընտրության հարցին, նա նշեց , որ ՀՀ շահերը բազմաբեւեռ են եւ չպետք է կենտրոնանալ միայն մեկ ուղղության վրա: