Ուկրաինացի լրագրողին հաջողվել է փախչել գերությունից
Ուկրաինացի լրագրող Անհար Կոչնեւային հաջողվել է ինքնուրույն փախչել սիրիացի գրոհայիններից, որոնք նրան դեռեւս 2012-ի հոկտեմբերին էին գերի վերցրել, եւ թաքնվել լեռներում:
40-ամյա լրագրողի ազատագրման մասին լուրը հայտնի է դարձել նրա նախկին ամուսնու` Դմիտրի Պետրովի խոսքերից: Նա պատմել է, որ Կոչնեւան գրեթե 15 կմ է անցել, մինչեւ որ հասել է Սիրիայի կառավարական զորքերի կողմից վերահսկվող տարածքը: Նա արդեն ուղեւորվել է Դամասկոս: Կոչնեւային գերի վերցնելուց հետո ապստամբները բազմիցս հայտարարել էին, որ նրան մահապատժի են ենթարկելու, ինչպես նաեւ փրկագնի պահանջներ էին ներկայացրել:
Նշենք, որ Անհար Կոչնեւան անհետացել էր Հոմս քաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող Ալ-Քուսեյր քաղաքի մոտ: Լրագրողի առեւանգման պատճառն, ինչպես հենց սկզբից էլ համարում էին, անթաքույց իշխանամետ գործունեությունն էր: Կոչնեւան Սիրիայի քաղաքական դրությունը լուսաբանող ամենահայտնի հասարակական դեմքերից մեկն է: