ԿԸՀ-ն “թաղեցին”. բախում ոստիկանների հետ /վիդեո/
Երեկվանից` փետրվարի 18-ից ԳԱԱ-ի մոտ նստացույց սկսած մի խումբ ՀՀ քաղաքացիներն այսօր տեղափոխվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: Փետրվարի 19-ը ակցիայի մասնակիցները համարում են մեռելոցի օր:
Նրանք նշում են, որ ընտրությունները կեղծիքներով, խաբեություններով ու ծեծկռտուքներով են անցել: Իսկ դրանք հիմք են` ընտրությունների հաջորդ օրը մեռելոց համարելու համար: Մասնակիցները ծաղկեպսակ էին պատրաստել, որը ցանկանում էին դնել ԿԸՀ-ի շենքի մոտ: Ոստիկանությունը փորձեց խոչընդոտել ծաղկեպսակի տեղադրումը :
Ակցիայի մասնակից Կարեն Հարությունյանը ոստիկաններից խնդրեց պարզաբանել, թե որ օրենքով են արգելում իրենց ծաղկեպասկ դնել:
”Խանգարում եք այնտեղ մուտք ու ելք անողներին”,-նշեց ոստիկանը: Մի քանի րոպե բանավիճելուց հետո, ի վերջո, մասնակիցներին հաջողվեց կատարել ”թաղման” արարողությունը: ”Այստեղ դիակ կա, պսակը պետք է տեղադրվի դիակի մոտ”,-գոռում էին նրանք: ”Ժողովրդավարությունը Հայաստանում դեռ չծնված վերացել է”,-հավելեց Կարեն Հարությունյանը:
”Ցավակցում եմ հենց ինքս ինձ, ցավակցում եմ հայ ժողովրդին, “ողբամ զքեզ, ով հայոց աշխարհ ” իրավիճակն է ստեղծվում”,-ասաց Սևակ Հովհաննիսյանն, ով ի դեպ կրում էր սև վերարկու ու սև գլխաշոր` որպես վշտի նշան:
Նշենք, որ մասնակիցները դեռ չեն որոշել, թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը. արդյոք կշարունակեն նստացույցը, թե ոչ, սակայն այսօր ժամը 17-ին հավանաբար կմիանան ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով այսօր հանրահավաք է անելու ”Ազատության” հրապարակում: Հավելենք, որ ակցիայի մասնակիցները թիվը մոտ քսանհինգի էր հասնում:
Մանրամասները` տեսանյութում